Մատչելի հղումներ

Սենատորներ Մենենդեսն ու Քըրքը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև են ներկայացրել ԱՄՆ-ի Սենատ


ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից ընտրված սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդես

«ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից ընտրված սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և Իլինոյս նահանգից ընտրված սենատոր, հանրապետական Մարկ Քըրքը երեկ ԱՄՆ-ի Սենատ են պաշտոնապես ներկայացրել Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող նոր բանաձև»:

Այս մասին ասված է Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում, որի համաձայն, որպես օրինագծի համահեղինակներ են հանդես եկել դեմոկրատական կուսակցության անդամ, սենատորներ Բարբարա Բոքսերը, Մայքլ Բենեթը, Դայան Ֆայնստայնը, Կարլ Լևինը, Ջոսեֆ Լիբերմանը, Ջեք Ռիդը և Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաև Դեմոկրատական քաղաքականության հանձնաժողովի նախագահ, սենատոր Չարլզ Շումերը:

«Ժամանակն է, որպեսզի Միացյալ Նահանգները միանա Օսմանյան կայսրության կողմից 1915-ից 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացված գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչած 19 պետություններին, որոնց թվում է Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան և Եվրոպական Միությունը: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը դարձել էր Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի մշակման համար հիմք դարձած իրադարձություններից մեկը: Միայն անցյալում կատարված հանցագործություններն ճշտորեն ճանաչելու միջոցով կարող ենք օրինական եղանակով առաջ շարժվելու և ապագայում մարդկության դեմ ուղղված նման հանցագործությունները կանխելու հույս ունենալ», - նշել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի հեղինակ, ԱՄՆ-ի սենտոր Ռոբերտ Մենենդեսը:

XS
SM
MD
LG