Մատչելի հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ֆրանսիան, Թուրքիան և Հայոց ցեղասպանությունը»


«Ժառանգություն» կուսակցության նախագահ և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը (արխիվային լուսանկար)

«Ֆորին Փոլիսի Ջորնըլ» առցանց պարբերականը մարտի 2-ին հրապարակել է Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի «Ֆրանսիան, Թուրքիան և Հայոց ցեղասպանությունը» հոդվածը:

Հոդվածում Հովհաննիսյանը, հիշեցնելով, որ փետրվարի 28-ին Ֆրանսիայի Հանրապետության Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել երկրի օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրինագիծը, ասել է, որ «հարգանքով է վերաբերվում Ֆրանսիայի օրենքներին ու այս երկրի ժողովրդի ընտրությանը»:

Շարունակելով հոդվածը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գրում է, որ այն, ինչ 1915 թվականին բաժին է ընկել հայ ժողովրդին, եղել է «ավելին, քան ցեղասպանություն, ավելին, քան ողջակիզում:

«Դա եղել է ոչ միայն կանխամտածված սպանություն, այլև մի ամբողջ ազգի, մշակույթի, քաղաքակրթության և ժամանակով հաստատված ապրելակերպի կազմակերպված սպանություն», - ասում է Հովհաննիսյանը:

«Հայերին հազարամյակների ընթացքում պատկանող դպրոցները, եկեղեցիները, հիվանդանոցները, կրթական և հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հասարակական և մասնավոր սեփականությունը՝ ամեն ինչ ջնջվել է քարտեզից, ոչնչացվել երկրի երեսից կամ այլ եղանակներով բռնագրավվել», - գրում է Հովհաննիսյանը՝ շարունակելով. «Հայոց ցեղասպանությունը եղել է երիտթուրքերի կողմից հայ ազգի նկատմամբ՝ դաժանության և բացասական ազդեցությամբ նախադեպը չունեցող, բռնի եղանակով իրականացված սեփականությունից զրկելուն ուղղված գործողություն»:

«Դա եղել է Հայրենիքի սպանություն», - շեշտել է Հովհաննիսյանը:

«Թուրքիայի և Հայաստանի ազգային պետությունների միջև հարաբերությունների բարելավումը պետք է և կիրականացվի ճշմարտության հաղթանակի՝ որքանով էլ դաժան չի լինելու այս ճշմարտությունը, ինչպես նաև անկեղծ զղջման, իմաստալից փոխհատուցման և հայ ժողովրդի՝ իր ժառանգության հետ վերամիավորման հիման վրա», - համոզմունք է հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այդ իսկ նպատակով մենք հիշում ենք մեր մարտիրոսներին, ողջունում ենք մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելողներին և պատժողներին, և ակնկալում Թուրքիայի անկեղծ զղջման», - գրում է Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:

XS
SM
MD
LG