Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում քվեարկության են դրվելու փոփոխությունները «եկեղեցիների վերադարձման» բանաձևում


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում քվեարկության են դրվելու փոփոխությունները «եկեղեցիների վերադարձման» բանաձևում

Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժելու 37-րդ տարելիցի օրը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը քվեարկություն է անցկացնելու Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ իրականացվող ճնշումների դադարեցումը պահանջող բանաձևի շուրջ:

«Ասպարեզ» պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ-ի Կապիտոլիումի աղբյուրները, հաղորդել է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չորեքշաբթի օրը նախատեսում է անցկացնել քվեարկություն, որի արդյունքում ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում կարող են ներառվել Ներկայացուցիչների պալատի թիվ 306 բանաձևում պարունակվող ձևակերպումները:

Հիշեցնենք, որ Եկեղեցիների վերադարձի վերաբերյալ թիվ 306 բանաձևը, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, հանրապետական Էդ Ռոյսի և դեմոկրատ Հովարդ Բերմանի կողմից, հորդորում է Թուրքիայի կառավարությանը կատարել միջազգային իր պարտավորությունները` դադարեցնելով բոլոր տեսակի կրոնական հետապնդումները և պաշտպանելով քրիստոնյաների իրավունքներն ու կրոնական ազատությունները: Օրինագծում Թուրքիային մասնավորապես կոչ է արվում վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հորդորել է Միացյալ Նահանգներում բնակվող ազգությամբ հայ ամերիկացիներին պահանջել Ներկայացուցիչների պալատի անդամներից սատարել այս օրինագծի ընդունումը:

Նման գործողություններ իրականացնելու կոչով են հանդես եկել նաև Միացյալ Նահանգներում Հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմի արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը և արևելյան թեմի արքեպիսկոպոս Օշագան Չոլոյանը:

Սպասվում է, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները կայցելեն հուլիսի 20-ին կայանալիք Ներկայացուցիչների պալատի նիստը:

XS
SM
MD
LG