Մատչելի հղումներ

Ռոմնին քննադատել է Օբամայի արտաքին քաղաքականությունը


Հանրապետական հնարավոր թեկնածուն նշել է, որ թույլ չի տա Ամերիկային կորցնել իր առաջատար դերն աշխարհում

ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության նախագահական հնարավոր թեկնածու Միթ Ռմոնին, քննադատության ենթարկելով երկրի նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը, մեղադրել է նրան Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի վրա ազդեցություն գործելու անկարողության մեջ:

Այս հայտարարությամբ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնին հանդես է եկել երեքշաբթի օրը Ամերիկայի պատերազմների վետերանների համագումարի մասնակցիների առջև ունեցած ելույթի ընթացքում՝ որպես հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածու արտաքին քաղաքականությանը նվիրված իր առաջին ելույթում: Ռոմնին նաև մեղադրել է Օբամային Իսրայելին բավարար աջակցություն չցուցաբերելու մեջ:

Հանրապետական հնարավոր թեկնածուն նշել է, որ թույլ չի տա Ամերիկային կորցնել իր առաջատար դերն աշխարհում՝ կոչ անելով պահպանել «նպատակի հստակությունն ու ուժի վճռականությունը»: Նա քննադատել է Օբամայի վարչակազմը ռազմական ծախսերը կրճատելու առաջարկություն կատարելու համար և կոչ է արել անցկացնել ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից նախագահի քաղաքական շահերից ելնելով ազգային անվտանգությանը վերաբերող գաղտնի տեղեկությունները տարածելու մեղադրանքների անկախ հետաքննություն:

Ռոմնիի այս ելույթից մեկ օր առաջ նախագահ Օբաման հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով Իրաքում Միացյալ Նահանգների զինված ուժերի ներկայությունն ավարտի հասցնելու, ինչպես նաև Աֆղանստանում ԱՄՆ-ի մարտական ստորաբաժանումների դուրսբերումը նախապատրաստելու գորոծում իր դերակատարության մասին: Նախագահը նշել է նաև ԱՄՆ-ի կողմից «ալ-Քաիդա»-ի դեմ պայքարում ունեցած ձեռքբերումների մասին:
XS
SM
MD
LG