Մատչելի հղումներ

Պանետա. «Իսրայելը գնալով ավելի է մեկուսացվում»


Պանետա. «Իսրայելը գնալով ավելի է մեկուսացվում»

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան զգուշացրել է, որ այս տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում տեղի ունեցած ապստամբությունների արդյունքում Իսրայելի մեկուսացումն է՛լ ավելի է խորացել:

Այս հայտարարությամբ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հանդես է եկել իր ներկայիս պաշտոնում առաջին անգամ Իսրայել կատարվող այցի ընթացքում:

Լեոն Պանետան ասել է, որ Իսրայելի ղեկավարությունը պետք է վերսկսի բանակցությունները պաղեստինցիների հետ և աշխատի Եգիպտոսի և Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչության ղեկավարն այս շաբաթվա ընթացքում բանակցություններ է անցկացնելու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ:

Պանետան նաև հանդիպումներ կունենա պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի և վարչապետ Սալամ Ֆայադի հետ:

Այս հանդիպումներից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը մեկնելու է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Նրա համաձայն, Իսրայելի համար շատ կարևոր է գտնել տարածաշրջանի այլ պետությունների հետ հաղորդակցման ուղիներ՝ կայունություն ապահովելու համար, իսկ հարևանների հետ հարաբերությունները չբարելավելու դեպքում այս պետությունը վտանգի տակ է դնում իր սեփական անվտանգությունը:

Լեոն Պանետան շեշտել է նաև, որ Իսրայելն ու պաղեստինցիները պետք է կողքի դնեն նախապայմանները և վերադառնան արդեն երկար ժամանակ փակուղի մտած բանակցություններին:

XS
SM
MD
LG