Մատչելի հղումներ

Պաղեստինցիների պետությունը ճանաչելու հայտը փոխանցել է ՄԱԿ-ի հանձնաժողովի քննարկման


Պաղեստինցիների պետությունը ճանաչելու հայտը փոխանցել է ՄԱԿ-ի հանձնաժողովի քննարկման

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կատարել է այս կազմակերպությանը պաղեստինցիների լիարժեք անդամակցության քննարկմանն ուղղված առաջին քայլը` փոխանցելով այս խնդրի քննարկումն իր հանձնաժողովներից մեկին:

Անվտանգության խորհուրդը պաղեստինցիների հայտը փոխանցել է Միավորված ազգերի կազմակերպության նոր անդամների ընդունման հանձնաժողովի քննարկման, որին անդամակցում են Խորհրդի անդամ բոլոր 15 պետությունները:

Անվտանգության խորհրդի ընթացակարգային այս քայլը ՄԱԿ-ի կողմից պետականության ճանաչման քննարկման գործընթացի քայլերից մեկն է:

Միավորված ազգերի կազմակերպության նոր անդամների ընդունման հանձնաժողովն այս հարցով իր առաջին քննարկումը կանցկացնի ուրբաթ օրը:

Սպասվում է, որ հանձնաժողովն իր որոշումը կկայացնի մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն վերլուծաբանների կարծիքով, պաղեստինցիների հայցը հավանության չի արժանանա, քանի որ Միացյալ Նահանգները սպառնացել է օգտագործել վետոյի իր իրավունքը` պաղեստինցիների դիմումը խոչընդոտելու նպատակով:

ՄԱԿ-ում պաղեստինցիների հանձնակատար Ռիյադ Մանսուրը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, թե «հույս ունի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր վրա պատասխանատվություն կվերցնի և կհաստատի պաղեստինցիների դիմումը»:

Միավորված ազգերի կազմակերպությունում Իսրայելի դեսպան Ռոն Պրոզորը սակայն ասել է, թե պաղեստինցիները «չեն կարող ձեռք բերել կենսունակ պետականություն` պարտադրելով արտաքին որոշումներ»` հավելելով, որ պետականության ճանաչման կարող են հասնել միայն ուղիղ բանակցությունների միջոցով»:

Այս ընթացքում աշխարհի տերությունները շարունակում են հորդորել պաղեստինցիներին և Իսրայելին վերսկսել խաղաղության բանակցությունները:

XS
SM
MD
LG