Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը քննադատել է պաղեստինցիներին օգնություն չհատկացնելու մասին որոշումը


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը քննադատել է պաղեստինցիներին օգնություն չհատկացնելու մասին որոշումը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան քննադատել է ԱՄՆ-ի օրենսդիրներին՝ պաղեստինյան տարածքներում զարգացման նախագծերի ֆինանսավորման համար նախատեսված 200 միլիոն դոլար կազմող օգնության փաթեթի տրամադրումը սառեցնելու համար:

Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ համատեղ անցկացված հարցազրույցի ընթացքում Պանետան նշել է, թե «ժամանակը չէ հրաժարվել այս գումարը տրամադրելուց»՝ հավելելով, որ տարածաշրջանում «կրիտիկական պահ է ստեղծվել»:

ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն ինտենսիվ բանակցություններ է անցկացնում այն օրենսդիրների հետ, որոնց որոշման արդյունքում հետաձգվում է պաղեստինյան պետությանը օգնություն տրամադրելու հարցը:

Միացյալ Նահանգների կառավարության օտարերկրյա պետություններին օգնության հատկացման գործակալությունը հաստատել է, որ գումարներ չտրամադրելու մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշումը ազդեցություն է ունեցել որոշ ծրագրերի վրա, սակայն այլ մանրամասներ չի տրամադրել:

ԱՄՆ-ի օրենսդիրները «սառեցրել» են պաղեստինցիների համար նախատեսված գումարներն պաղեստինցիների կողմից, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի առարկության, ՄԱԿ-ին Պաղեստինյան ինքնավարությունը որպես պետություն ճանաչելու դիմում ներկայացնելու պատճառով:

Պաղեստինցիներն իրենց հերթին քննադատել են Միացյալ Նահանգների այս քայլը՝ ասելով, որ այն չի նպաստում խաղաղությանը և չի կանգնեցնի իրենց կողմից պաղեստինյան պետության ՄԱԿ-ում անդամակցելու փորձերը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը երկուշաբթի օրն առանձին բանակցություններ է անցկացրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի, որից հետո հանդիպել է պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի և վարչապետ Սալամ Ֆայադի հետ: Անցկացված հանդիպումների ընթացքում Պանետան երկու կողմերին կոչ է արել «համարձակ քայլեր ձեռնարկել «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» լուծման ուղղությամբ՝ ասելով, որ Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների անցկացմանն այլընտրանք չկա:

XS
SM
MD
LG