Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման և Թուրքիայի վարչապետը հեռախոսային զրույց են ունեցել


Նախագահ Օբաման և Թուրքիայի վարչապետը հեռախոսային զրույց են ունեցել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսային զրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից մեկ օր առաջ Թուրքիայի իշխանությունները խիստ քննադատության էին ենթարկել Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում Օբաման բարձր է գնահատել Թուրքիայի ներդրումը Լիբիայում իրականացվող գործողություններում։ Օբաման և Էրդողանը համաձայնել են, որ քաղաքացիական անձանց նկատմամբ կատարվող հարձակումները պետք է դադարեցվեն։

Երկու ղեկավարները խիստ մտահոգություն են հայտնել Սիրիայի կառավարության կողմից իր ժողովրդի նկատմամբ շարունակվող բռնություններով՝ համաձայնելով, որ Սիրիայի իշխանությունները պետք է վերջ տան բռնություններին և անհապաղ սկսեն ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը։

Սպիտակ տան հաղորդագրության մեջ սակայն որևէ խոսք չկա Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի վերաբերյալ։

Օբամայի ուղերձը Թուրքիայի արտգործնախարարությունը «պատմության միակողմանի աղավաղում» էր անվանել։

Նախագահ Օբաման, որը 2008 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ մի քանի անգամ է հայտարարել, որ հարկավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նախագահ ընտրվելուց հետո «ցեղասպանություն» բառը երբեք չի արտասանել։

XS
SM
MD
LG