Մատչելի հղումներ

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է


Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Ապրիլի 24-ը համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը։

Այս օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ ասված է. «1915-1923 թվականներին հայության, մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարվել է ոճիր, որ այդ ժամանակ դեռ անուն չուներ: Հետագայում տրված բոլոր անուններն ու բնորոշումները` լինեն բարոյական, իրավական, թե քաղաքական, պայմանական են և միայն մասնակիորեն են արտահայտում կատարվածը: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտենք միայն մենք, և յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, իր անձնական ճակատագրի վրա է զգում Մեծ եղեռնի ավերիչ հետևանքները թե՛ բարոյական, թե՛ մշակութային, թե՛ լեզվական և թե՛ քաղաքական առումներով»:

«Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման ծրագիր: Դրա իրականացման բոլոր փուլերում հայերի սպանդը, բռնագաղթը, կրոնափոխությունն ու ստրկացումը Թուրքիայի ներքին կյանքում դիտվել են որպես սովորական, կենցաղային մանրուքներ: Իսկ արտաքին միջամտությունները ո՛չ միայն չեն կանգնեցրել հանցագործներին, այլև առանձին դեպքերում վերջիններիս մղել են ավելի կտրուկ գործողությունների»:

«Բայց հակառակ բոլոր հրեշավոր ծրագրերի ու հաշվարկների` հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Վերապրեց անդառնալի կորուստներով, մաքառեց 20-րդ դարում իրեն բաժին ընկած այլ արհավիրքների դեմ, որպեսզի իր հաղթանակած անկախ պետականությամբ մուտք գործի նոր հազարամյակ: Պետականություն, որ այլևս թույլ չի տալու նման հանցագործության կրկնություն: Պետականություն, որ պաշտպանելու է իր արդար դատը և միջազգային ատյաններում պայքարելու է ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման համար» - ընդգծվել է Հայսատանի նախագահի ուղերձում:

Սերժ Սարգսյանն իր ուղերձում ասել է, որ «մերօրյա Հայաստանի առջև բացված են պատմական ճշմարտության վերականգնման, զարգացման, առաջընթացի և արարելու լայն հորիզոններ»:

«Հայաստանի Հանրապետությունն իր գործնական քայլերով հստակորեն ցույց է տվել, որ ինքը, չնայած պատմության սև էջերին, ձգտում է խաղաղության իր հարևանների հետ, նույն Թուրքիայի հետ: Այնտեղ այսօր, առավել քան երբևէ, հնչում են ողջախոհության ձայներ: Մենք բարձր ենք գնահատում ինչպես անհատ թուրք մտավորականներին, այնպես էլ հանուն արդարության իրենց ձայնը բարձրացնող ազնիվ մարդկանց, որոնք քիչ չեն աշխարհում»:

«Սակայն, դրանով հանդերձ, Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը շարունակում է մերժման ուղեգիծը: Ավելին` այն «կատարելագործվում է», և դառնում է իբր «ավելի ճկուն», նախաձեռնվում են եզակի ձևական-քարոզչական քայլեր: Մեզ համար միարժեք է հետևյալը. ուրացման քաղաքականությունը եղեռնի ամենաուղղակի շարունակությունն է: Հանցագործության հետքերը սրբելու յուրաքանչյուր փորձ նոր հանցագործություն է» - նշված է Հայաստանի նախագահի ուղերձում:

XS
SM
MD
LG