Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբները մոտենում են Քադաֆիի ծննդավայրին


Լիբիայի ապստամբները մոտենում են Քադաֆիի ծննդավայրին
Լիբիայի ապստամբները մոտենում են Քադաֆիի ծննդավայրին

Լիբիայի ապստամբները մոտենում են Մուամար Քադաֆիի ծննդավայր` Լիբիայի մայրաքաղաքից 450 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիրթ քաղաքին:

Ապստամբների կողմից շարունակվում են նաև Քադաֆիին հայտնաբերելուն ուղղված գործողությունները:

Միսրաթա քաղաքում գտնվող ապստամբների ուժերի հրամանատարի համաձայն, երկուշաբթի օրը արևմտյան ուղղությունից դեպի Սիրթ շարժվող ուժերն այժմ գտնվում են քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա:

Ապստամբների խոսնակը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ցեղախմբերի առաջնորդների հետ բանակցությունների տապալման դեպքում ապստամբների ուժերը ստիպված կլինեն գրոհել քաղաքը:

Տրիպոլին գրավելուց հետո Քադաֆին թաքնվել է, և Սիրթ քաղաքը համարվում է այն վայրերից մեկը, որտեղ նա կարող է այժմ թաքնվել:

Ապստամբների Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուսթաֆա Ջալիլը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Քադաֆին դեռևս վտանգ է ներկայացնում Լիբիայի և աշխարհի համար:

Ջալիլը նույնպես կոչ է արել ՆԱՏՕ-ին շարունակել ապստամբներին տրամադրվող օգնությունը:

Ֆրանսիայի իշխանությունները երկուշաբթի օրը հայտնել են, որ Տրիպոլի է ուղարկվել մի խումբ դիվանագետներ` այս երկրում վեց ամիս առաջ իր աշխատանքը դադարեցրած դեսպանությունը վերաբացելու համար:

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ մեկ օր առաջ կազմակերպության կողմից ուղարկված նավը Տրիպոլիից էվակուացրել է մոտ 850 ներգաղթած անձ և Լիբիայի տարհանված քաղաքացի:

Տրիպոլիի նավահանգիստ կիրակի օրը մուտք է գործել Կարմիր խաչի կազմակերպության կողմից ուղարկված մի նավ, որն առաքել է այս քաղաքում խիստ պահանջվող նյութեր և դեղամիջոցներ: «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի համաձայն, երկրի մայրաքաղաքում նկատվում է դեղամիջոցների, խմելու ջրի և անհրաժեշտ այլ նյութերի պակաս, իսկ քաղաքի բազմաթիվ թաղամասերում դեռևս չի վերականգնվել էներգամատակարարումը:

XS
SM
MD
LG