Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբների ուժերը շարժվում են դեպի մայրաքաղաք


Լիբիայի ապստամբների ուժերը շարժվում են դեպի մայրաքաղաք

Լիբիայի ապստամբների ուժերը երկուշաբթի օրը շարունակել են առաջխաղացումը դեպի Մուամար Քադաֆիի ծննդավայր Սիրթ քաղաքը, որտեղ մարտեր են ծավալվել կարևոր հենակետի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:

Ապստամբների ուժերը, որոնց աջակցում են դաշնակիցների կողմից իրականացվող օդային հարվածները, շարժվում են նաև դեպի երկրի մայրաքաղաք Տրիպոլի` վերականգնելով վերահսկողությունն այն տարածքների նկատմամբ, որոնք ապստամբների ուժերը զիջել էին կառավարական զորքերին մինչև մարտի 19-ին դաշնակիցների կողմից մեկնարկած գործողությունները:

Քաթարը երկուշաբթի օրը դարձել է արաբական առաջին պետությունը, որը ճանաչել է Լիբիայի ապստամբներին որպես այս երկրում ղեկավարելու իրավունք ունեցող օրինական միակ ուժ: Բացի այդ, Քաթարը, Արևմուտքի պետությունների հետ մեկտեղ, մասնակցում է Լիբիայի կառավարական ուժերի վրա կատարվող օդային հարձակումների իրականացմանը:

Դաշնակիցների օդուժը, նավթարդյունաբերական կարևոր Բրեգա և Ռաս Լանուֆ քաղաքները հակակառավական ուժերի կողմից կրկին գրավվելուց հետո, կիրակի օրն առաջին անգամ հարվածներ են հասցրել Սիրթ քաղաքում գտնվող թիրախների ուղղությամբ:

Դաշնակից ուժերը կիրակի երեկոյան ուժգին հարվածներ են հասցվել նաև Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ: Այս, ինչպես նաև Սիրթ քաղաքի վրա կատարված օդային հարձակումների մասին լուրերը հաստատել է նաև Լիբիայի պետական հեռուստատեսությունը:

Քադաֆիի դեմ պայքարող ուժերը կիրակի երեկոյան վերահաստատել են նաև վերահսկողությունը Բին Ջավադ արևմտյան քաղաքի նկատմամբ:

XS
SM
MD
LG