Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբները գրավել են Աջդաբիա քաղաքը


Լիբիայի ապստամբները գրավել են Աջդաբիա քաղաքը

Լիբիայի ապստամբները, օգտվելով Արևմուտքի ուժերի կողմից կառավարական զինուժի վրա հասցվող հարվածներից, շաբաթ օրը գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Աջդաբիա քաղաքը, որը գտնվում է ապստամբների հենակետ Բենգազիից դեպի հարավ 160 կիլոմետր հեռավորության վրա։

Լիբիայի իշխանությունները, կառավարական ուժերի վրա միջազգային դաշնակից ուժերի օդային հարձակումները սկսելուց հետո, փորձում են դիվանագիտական լուծում տալ երկրում շարունակվող ճգնաժամին։

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին ներկայացնող պատվիրակության համաձայն, կառավարությունը պատրաստ է իրականացնել Աֆրիկյան Միության կողմից առաջարկված «ճանապարհային քարտեզը»։ Քադաֆիի պատվիրակությունն այս հայտարարությամբ հանդես է եկել ուրբաթ օրը՝ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում աֆրիկյան հինգ պետությունների ներկայացուցիչների հետ անցկացված հանդիպումից հետո։

Լիբիայի կառավարական պատվիրակությունը կրակը դադարեցնելու պատրաստակամություն է հայտնել և պահանջել վերջ տալ Լիբիայի ուժերի վրա կատարվող օդային հարվածներին և ծովային շրջափակմանը։

Լիբիայի պատվիրակության մասնակցությամբ հանդիպումն անց է կացվել այս երկրում ստեղծված իրավիճակին լուծում գտնելուն նվիրված աշխարհի տերությունների համաժողովից հետո: Կառավարական պատվիրակությանը չի թույլատրվել մասնակցել համաժողովին՝ ապստամբների պատվիրակության չմասնակցելու պատճառով։

ՆԱՏՕ-ն, որը հինգշաբթի օրը ստանձնել է Լիբիայի կառավարական ուժերի վրա դաշնակից ուժերի կողմից կատարվող օդային հարձակումների հրամանատարությունը, ուրբաթ օրը հայտնել է, որ դաշնակիցների ռազմական գործողությունների հրամանատարությունը ստանձնելու է կանադացի գեներալ Շառլ Բուշարը։

XS
SM
MD
LG