Մատչելի հղումներ

Աֆղանստանի կառավարությունը փորձում է բարձրացնել վստահությունը խոշորագույն բանկի նկատմամբ


Ի պատասխան ԱՄՆ-ի լրատվամիջոցներում Աֆղանստանի խոշորագույն առևտրային բանկում տիրող կաշառակերության և անկարգությունների մասին հաղորդագրությունների, Աֆղանստանի կառավարությունը հայտնել է իր վստահությունը բանկի ֆինանսական կայունության մասին:

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում Աֆղանստանի Կենտրոնական բանկի կառավարիչ Աբդուլ Քադիր Ֆիթրատն ասել է, որ «Քաբուլ բանկ»-ը վճարունակ է և իր պարտավորություններն ապահովելու համար ունի հեշտ իրացվող ակտիվների բավականին մեծ պաշարներ:

ԱՄՆ-ի հիմնական թերթերի կողմից ավելի վաղ տարածված հաղորդագրությունների համաձայն, Աֆղանստանի Կենտրոնական բանկը ստիպել է, որ «Քաբուլ բանկ»-ի նախագահը և գործադիր տնօրենը հեռանան` բանկի կառավարման մեջ ենթադրաբար սխալներ թույլ տալու պատճառով: Բացի այդ, հաղորդագրություններում նշված էր, որ Կենտրոնական բանկը կարգադրել էր «Քաբուլ բանկ»-ի նախագահ Շերխան Ֆարնուդին հանձնել իր և իր ընկերների համար Դուբայում գնված ավելի քան 160 միլիոն դոլար արժողությամբ բարձրակարգ անշարժ գույքը:

Աֆղանստանի Կենտրոնական բանկի նախագահն ասել է, որ գործադիր պաշտոններ զբաղեցնող այդ երկու անձինք աշխատանքից հեռացել են իրենց կամքով` հետևելով առևտրային բանկերում բաժնետերերին ղեկավար պաշտոն զբաղեցնելն արգելող նոր կանոնների պահանջներին:

Նա ավելացրել է նաև, որ Աֆղանստանի կառավարությունը երբեք թույլ չի տա «Քաբուլ բանկ»-ի փլուզումը: Այդ մեկնաբանությամբ երկրի Կենտրոնական բանկի նախագահը, ամենայն հավանականությամբ, կոչ է անում ավանդատերերին չշտապել բանկից ավանդները հանելու որոշում կայացնելիս:

XS
SM
MD
LG