Մատչելի հղումներ

Իսրայելն ու «Համաս»-ը ձեռք են բերել գերի զինվորին բանտարկյալներով փոխանակելու համաձայնություն


Իսրայելը և պաղեստինցիների «Համաս» զինյալների խմբավորումը համաձայնության են հասել Գազայի գոտում հինգ տարի առաջ գերի ընկած Իսրայելի զինծառայողին ազատ արձակելու փոխարեն պաղեստինցի ավելի քան 1 000 բանտարկյալների ազատ արձակման շուրջ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի ուշ երեկոյան հանդես է եկել հեռուստատեսությամբ՝ հայտնելով Եգիպտոսի միջնորդությամբ այս պայմանավորվածությունը ձեռք բերելու մասին: Ավելի ուշ երկրի նախարարների խորհուրդը ճնշող մեծամասնության քվեարկել է գործարքը հաստատելու օգտին:

Վարչապետ Նեթանյահուի համաձայն, եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրածի, ապա Իսրայելի բանակի ավագ սերժանտ Գիլադ Շալիթը մի քանի օրից տուն կվերադառնա:

«Համաս»-ի առաջնորդ Խալեդ Մեշալը հաստատել է պայմանավորվածություն ձեռք բերելու հանգամանքը: Մեշալի կողմից Իսրայելի բանտերից հարյուրավոր պաղեստինցիների ազատ արձակման մասին հայտարարությունից հետո Գազայի գոտում և այլուր բուռն տոնակատարություններ սկսվեցին:

Խալեդ Մեշալի համաձայն, Իսրայելի կառավարությունը համաձայնել է ազատ արձակել պաղեստինցի 1 027 կալանավոր: Իսրայելի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները սակայն հերքել են ամենահայտնի կալանավոր Մարվան Բարղութիին և պաղեստինյան խմբակցություններից մեկի առաջնորդ Ահմեդ Սաադաթին այս գործարքում ներառելու մասին լուրերը:

Մարվան Բարղութին ձերբակալվել է 2002 թվականին՝ Իսրայելի դեմ բազմաթիվ զոհերի պատճառ դարձած հարձակումներ իրականացնելու համար: Բարղութին համարվում է պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հնարավոր իրավահաջորդը:

Ահմեդ Սաադաթը ձերբակալվել է 2001 թվականին՝ Իսրայելի նախարարների խորհրդի անդամների դեմ մահափորձ ծրագրելու համար:

Իսրայելի զինված ուժերի ծառայող Գիլադ Շալիթը գերի է ընկել 2006 թվականին՝ պաղեստինցի զինյալների կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ կատարված ներխուժման արդյունքում, ապա տեղափոխվել Գազայի գոտի: Շալիթի երկարաժամկետ ազատազրկումը Իսրայելի և պաղեստինցիների միջև շարունակվող հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է:

XS
SM
MD
LG