Մատչելի հղումներ

Արտաքսված պաղեստինցիները ժամանել են ընդունող պետություններ


Արտաքսված պաղեստինցիները ժամանել են ընդունող պետություններ

Մի խումբ պաղեստինցիներ, որոնք Իսրայելի հետ բանտարկյալների փոխանակման ծրագրի համաձայն պետք է արտաքսվեին այլ պետություններ, սկսել է ժամանել իրենց ընդունող պետություններ:

Սիրիայի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դամասկոս չորեքշաբթի օրը ժամանել է նախկին 16 բանտարկյալ, որոնց թվում կա մեկ կին:

Ավելի վաղ, պաղեստինցի նախկին 11 բանտարկյալ ժամանել է Թուրքիա:

Ընդհանուր առմամբ, անվտանգության մտահոգություններից ելնելով, արտաքսվելու է մոտ 40 պաղեստինցի:

Իսրայելի իշխանությունները թույլատրել են ավելի քան 400 պաղեստինցի նախկին բանտարկյալի վերադառնալ Հորդանան գետի արևմտյան ափ և Գազայի գոտի, որտեղ վերջիններս արժանացել են հանդիսավոր ընդունելության:

Պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակումն իրականացվել է պաղեստինցիների կողմից գերի վերցված Իսրայելի զինծառայող Գիլադ Շալիթին ազատ արձակելու մասին համաձայնության շրջանակներում:

Իսրայելի ազատ արձակված զինծառայող Գիլադ Շալիթին իր հարազատ Միցփեհ Հիլա քաղաքում երեքշաբթի օրը դիմավորել են հազարավոր մարդիկ, որոնք հավաքվել են այնտեղ «Համաս»-ի առաջնորդների կողմից Շալիթին ազատ արձակելուց մի քանի ժամ անց՝ նշելու զինծառայողի վերադարձը:

Ազատ արձակվելուց քիչ անց Եգիպտոսի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որի ընթացքում Շալիթը ապակողմնորոշված տեսք ուներ, նա պատասխանել է լրագրողների հարցերին, իսկ հարցազրույցի ընթացքում դիմակ կրող «Համաս»-ի զինյալներից մեկը կանգնած էր Շալիթի հետևում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը սատարում է պաղեստինցի մյուս բանտարկյալների ազատ արձակումը՝ Շալիթն ասել է, թե ուրախ կլիներ, որ նրանք ազատ արձակվեին, եթե դադարեցնեն Իսրայելի դեմ ուղղված պայքարը: Շալիթը հավելել է, որ կարոտել է իր ընտանիքին և ընկերներին:

Եգիպտոսի միջնորդությամբ իրականացվող բանտարկյալների փոխանակման պայմանների համաձայն, Իսրայելը երկու ամսվա ընթացքում ազատ կարձակի պաղեստինցի ևս 550 բանտարկյալ:

XS
SM
MD
LG