Մատչելի հղումներ

ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի հանդիպումը հիասթափեցրել է վերլուծաբաններին


ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի հանդիպումը հիասթափեցրել է վերլուծաբաններին

«Ֆայնենշլ թայմս» պարբերականում երկուշաբթի օրը հրապարակված հոդվածում Չիկագոյի համալսարանի «Ֆինանսներ» առարկան դասավանդող պրոֆեսոր Ռագուրամ Ռաջանն ասել է, որ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի հանդիպման ընթացքում աշխարհի պետությունների առաջնորդները չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել «հստակ այն գործողությունների շուրջ, որոնք ակնկալվում էին շուկաների կողմից»:

«PIMCO» պարտատոմսերի կառավարման խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավար, վերլուծաբան Մոհամեդ Էլ-Էրիանի համաձայն, պարտքի խնդրի լուծման շուրջ առաջընթաց գրեթե չի գրանցվել: Էլ-Էրիանն ասել է, որ ֆինանսական շուկաներում շարունակվելու է անկայունությունը, իսկ քաղաքական առաջնորդների միջև առկա տարաձայնությունները վատթարացնում են վիճակը:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ պետությունների աշխատանքի նախարարները երկուշաբթի օրը հանդիպում են մեկնարկել Փարիզում:

Հանդիպման ընթացքում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ պետությունների աշխատանքի նախարարները հորդորել են գտնել տնտեսական վիճակի առավել արդյունավետ լուծում, քանի որ աշխարհում այժմ ավելի քան 200 միլիոն գործազուրկ կա:

Այս կազմակերպությունների անդամ պետությունների նախարարների համաձայն, առանց հրատապ և արդյունավետ միջոցներ ընդունելու տնտեսական ճգնաժամի պատճառով աշխատատեղերի կորստի ծավալը կարող է կրկնապատկվել, ինչի արդյունքում մինչև հաջորդ տարվա ավարտը աշխատանք կարող է կորցնել ևս 40 միլիոն մարդ:

XS
SM
MD
LG