Մատչելի հղումներ

ԱՄՀ–ի առաքելությունն ավարտել է Հայաստանի տնտեսական արդյունքների երրորդ ուսումնասիրությունը


IMF

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը՝ Մարկ Հորթոնի գլխավորությամբ ավարտել է Երևան սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 20-ը կատարած իր այցը, որի ընթացքում իրականացվել է Երկարաձգվող ֆինանսավորման («EFF») և Երկարաձգվող վարկավորման («ECF») համաձայնագրերի հիման վրա գործող ծրագրի ուսումնասիրությունը:

ԱՄՀ-ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, այցի արդյունքներով Մարկ Հորթոնը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ինքը որպես արդյունավետ է գնահատել այցի ընթացքում անցկացված քննարկումները և նշել, որ առաջընթաց է գրանցվել մինչև 2011 թվականի ավարտը և 2012 թվականի համար նախատեսված քաղաքականության և գործողությունների փաթեթի քննարկումներում:

Նա ասել է նաև, որ հետագա քննարկումները կանցկացվեն Վաշինգտոնում՝ այս շաբաթվա ավարտին կայանալիք ԱՄՀ-ի և Համաշխարհային Բանկի տարեկան ժողովի ընթացքում:

«Ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական պայմանները բարելավվել են: Գյուղատնտեսության ոլորտում դրական միտումները, ինչպես նաև արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում գրանցված դրական դինամիկան թույլ կտան բարելավել այս տարվա ցուցանիշները՝ տնտեսական 4,6 տոկոս կազմող աճի մեր կողմից նախկինում արված կանխատեսումներին համահունչ: 2012 թվականին տնտեսական աճի կանխատեսումները, արտաքին ոչ այնքան բարենպաստ պայմանների պատճառով, նվազեցվել են մինչև տարեկան 4 տոկոս, իսկ առկա ռիսկերի պատճառով այս կանխատեսումը կարող է նվազեցվել», - ասել է Մարկ Հորթոնը:

«Գնաճի տեմպերը նվազել են՝ պայմանավորված աշխարհում հումքի նվազող գներով և գյուղատնտեսության ոլորտում գրնցված աճով: Այս տարվա օգոստոս ամսվա ընթացքում գնաճի ընդհանուր ցուցանիշը, համեմատած անցյալ տարվա նույն ցուցանիշի հետ, կազմել է 4,8 տոկոս, և ակնկալվում է, որ 2011 և 2012 թվականներին գնաճի ցուցանիշները ցածր կմնան», - նշել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը գլխավորած Մարկ Հորթոնը:

XS
SM
MD
LG