Մատչելի հղումներ

ԱՄՀ-ի տնօրեն. «Համաշխարհային տնտեսությունը վտանգավոր փուլում է»


ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդ

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարն ասել է, որ համաշխարհային տնտեսությունը վտանգավոր փուլ է մտել, որի ընթացքում զարգացած պետությունների տնտեսությունները կարող են կրկին հայտնվել տնտեսական անկման պայմաններում, ինչը բացասական կանդրադառնա նաև զարգացող պետությունների տնտեսությունների վրա:

ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդն այս հայտարարությամբ հանդես եկավ հինգշաբթի օրը Վաշինգտոնում` հունիս ամսին այս պաշտոնը ստանձնելուց հետո իր հիմնական առաջին ելույթում: Նրա համաձայն, տնտեսական թույլ աճը և հսկայական ծավալների հասնող պարտքային պարտավորությունները չեն նպաստում պահանջարկի, ներդրումների ծավալների և աշխատաշուկայի աճին:

Ելույթ ունենալով Վուդրո Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնում անցկացվող համաժողովի ընթացքում, Լագարդը նշել է, որ եթե զարգացած տնտեսությամբ պետություններում սկսվի 2008 թվականից արդեն երկրորդ տնտեսական անկումը, ապա անցումային տնտեսությամբ երկրների տնտեսություններում իրավիճակը կհետևի զարգացող պետությունների տնտեսություններում ստեղծված իրավիճակին:

Լագարդի համաձայն, խնդիրը բարդանում է զարգացած պետություններում պարտքի պատճառով գոյացած խնդիրները լուծելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությամբ:

ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրենը հորդորել է միջազգային հանրության առաջնորդներին ձեռնարկել այնպիսի հրատապ համատեղ միջոցներ, ինչպիսիք վերջիններս ձեռնարկել են 2009 թվականին` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դեմն առնելու նպատակով:

XS
SM
MD
LG