Մատչելի հղումներ

Իրանը հիասթափեցրել է ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը


Իրանը հիասթափեցրել է ՄԱԿ-ի միջուկային գործակալությանը

«Իրանը թույլ չի տվել ԱԷՄԳ-ի փորձագետներին տեսչական այց կատարել ռազմական կայաններից մեկը և հրաժարվել միջուկային զենք մշակելու մեղադրանքներին պատասխաններ ներկայացնելու շուրջ համագործակցությունից»:

Այս հայտարարությամբ չորեքշաբթի օրը հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ հավելելով, որ գլխավոր տեսուչ Հերման Նեքերթսի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Վիեննա՝ Թեհրանում Իրանի իշխանությունների հետ երկու օր տևած «հիասթափեցնող» բանակցություններից հետո:

ՄԱԿ-ի գործակալության համաձայն, Իրանի իշխանությունները հրաժարվել են փորձագետների խմբին թույլատրել Թեհրանի մոտակայքում գտնվող «Փարչին» համալիրում ստուգում անցկացնելուց: Կան կասկածներ, որ այս վայրում գտնվում է ստորգետնյա գաղտնի միջուկային համալիր, և ԱԷՄԳ-ի խմբի կողմից այս համալիրի այցելությունը Իրանի իշխանությունների կողմից մերժվել է նաև հունվար ամսվա վերջին երկիր կատարված այցի ընթացքում:

Բացի այդ, ԱԷՄԳ-ը նշել է, որ Իրանի հետ չի հաջողվել համաձայնության գալ նաև չլուծված հարցերի, ներառյալ այս երկրի միջուկային ծրագրի «հնարավոր մարտական կիրառման» վերաբերյալ փաստաթղթի շուրջ:

ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանիյեն հայտնել է երկրի պետական լրատվական «ISNA» գործակալությանն այն մասին, որ ՄԱԿ-ի միջուկային գործակալության հետ բանակցությունները «շարունակվելու» են: Սակայն դեռևս հայտնի չէ, արդյոք և երբ ԱԷՄԳ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք կրկին կայցելեն Իրան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «Միավորված ազգերի կազմակերպության միջուկային ոլորտում գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելության նպատակը Իրանի իշխանությունների հետ բանակցությունների անցկացումն է, այլ ոչ թե երկրի միջուկային հզորություններ տեսչական այցերի կատարումը»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ այցի նպատակը Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև երկխոսության և համագործակցության շրջանակի ձևավորումն է:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի համաձայն, դեռևս պարզ չէ, թե ինչպես ԱԷՄԳ-ի պաշտոնյաների այցը կանդրադառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների և Գերմանիայի հետ բանակցությունների ընթացքի վրա:

XS
SM
MD
LG