Մատչելի հղումներ

Չինաստանը սատարում է երկխոսությունն Իրանի հետ


Չինաստանի իշխանությունները, ի պատասխան այս շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից արված մեկնաբանությունների, հայտնել են Իրանի միջուկային ծրագրի խնդիրը երկխոսության միջոցով լուծումը սատարելու մասին:

Չինաստանի արտգործնախարար Յանգ Ջիեչին երեքշաբթի օրը լրագրողների հետ անցկացված հանդիպման ընթացքում սակայն նշել է, որ պետությունները կարող են ունենալ և կիրառել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակների համար:

«Խոսելով Իրանի միջուկային խնդրի մասին՝ մենք դեմ ենք հանդես գալիս Մերձավոր Արևելքում որևէ պետության, ներառյալ Իրանի կողմից միջուկային զենքի մշակմանն ու զինանոցում ընդգրկելուն: Միաժամանակ կարծում ենք, որ բոլոր պետությունները, կատարելով իրենց պարտականությունները, ունեն միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունք», - ասել է Չինաստանի արտգործնախարարը:

Չինաստանի արտգործնախարարի հայտարարությունից մեկ օր առաջ ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավարը հայտնել էր Իրանի միջուկային ծրագրի ռազմական կիրառման շուրջ «լուրջ մտահոգություններ» ունենալու մասին:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախագահ Յուկիյա Ամանոն երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի գործակալությունը տեղյակ է Իրանի միջուկային հզորություններում իրականացվող «որոշ գործողությունների» մասին՝ հավելելով, որ այդ հաստատություններ տեսչական այց կատարելը հրատապ անհրաժեշտություն է:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մի խումբ անցյալ ամսվա ընթացքում այցելել էր Իրան, սակայն նրանց թույլ չի տրվել մուտք գործել Թեհրանի մոտակայքում գտնվող Փարչին ռազմական համալիր: Իրանի «ISNA» լրատվական գործակալությունը սակայն երեքշաբթի օրը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն Թեհրանը թույլ կտա տեսուչներին այցելել համալիր:

XS
SM
MD
LG