«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների դրության 2012 թվականի իր զեկույցը:
Կազմակերպության կողմից կիրակի օրը հրապարակված տարեկան զեկույցին կից ուղերձում տնօրեն Քենեթ Ռոթը նշել է, որ «արաբ ժողովրդի նկատմամբ Արևմուտքն ավանդաբար կիրառել է զսպման քաղաքականություն: Շատերն այժմ ողջունում են տարածաշրջանի բնակիչների կողմից իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով փողոց դուրս գալու հանգամանքը, սակայն մինչև վերջին ժամանակներս Արևմուտքի կառավարությունները գործել են այնպես, կարծես արաբ ժողովուրդն արժանի էր ահաբեկման, շրջապատման և վերահսկման»:
«Այլ պետություններում», - գրում է Քենեթ Ռոթը, - «ակնկալվում էր, որ կառավարությունները, գոնե սկզբունքորեն, ծառայեն իրենց ժողովրդին, սակայն Արևմուտքն ակնկալում էր, որ արաբական աշխարհի միապետներն ու ավտորիտար առաջնորդները կերաշխավորեն «կայունությունը»՝ սանձահարելով ժողովրդի պահանջները»:
«Աշխարհում մարդու իրավունքների տարածումն ուներ մեկ բացառություն՝ արաբական աշխարհը», - նշում է «Human Rights Watch»-ի տնօրենը՝ հավելելով. ««Արաբական գարուն»-ն ապացուցել է, որ տարածաշրջանի բնակիչներից շատերը չեն կիսում ավտորիտար կառավարմամբ Արևմուտքի կողմից բավարարված լինելու մոտեցումը: Չցանկանալով այլևս լինել միայն իրենց շահերը պաշտպանող ղեկավարների հնազանդ հպատակները, նրանք սկսել են պահանջել իրենց պետությունների լիարժեք քաղաքացի լինելու և իրենց ճակատագրի տերը լինելու իրավունքը»:
«Մի շարք երկրներում բռնությունների իրականացումն հրահրել է ժողովրդի բողոքը բռնությունների իրենց չափն անցած վարչակագրերի դեմ: Այս անգամ բազմիցս քննարկված, սակայն երկար ժամանակ պասիվ մնացող «Արաբական գարունը» կյանքի կոչվեց և վերջ տվեց հին կարգերին: Տարածաշրջանի ժողովուրդը, համախմբելով իր պահանջներն ու ուժերը, այնպես է փոփոխել տարածաշրջանի քաղաքականությունը, որ հին կարգերը դժվար կլինի հետ բերել», - նշել է «Human Rights Watch»-ի տնօրեն Քենեթ Ռոթը մարդու իրավունքների դրության կազմակերպության 2012 թվականի զեկույցի նախաբանում:
Անդրադառնալով մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում տիրող իրավիճակին, «Human Rights Watch»-ի զեկույցում նշվել է, որ ոստիկանության և ընդդիմության ցուցարարների միջև տասը զոհի պատճառը դարձած բախումներից ավելի քան երեք տարի անց դեռևս չի տրվել իրավապաշտպան մարմինների կողմից չափազանց մեծ ուժ գործադրելու փաստին նշանակալից որևէ պատասխան:
«Իշխանությունները ապաքրեականացրել են զրպարտությունը, սակայն զգալիորեն բարձրացրել նաև զրպարտության վերաբերյալ քաղաքացիական գործերով նախատեսված տուգանքների չափը», - նշվում է զեկույցում:
«Երկրում շարունակվում է սահմանափակվել հավաքների ազատությունը: Չեն դադարում ոստիկանությունում կալանքի տակ գտնվողները խոշտանգումներն ու նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը», - գրում են իրավապաշտպանները, - «իսկ իշխանությունները չեն իրականացրել կալանքի տակ գտնվող անձանց և զինված ուժերում խաղաղ ժամանակ զոհվածների անհանգստացնող ցուցանիշների արդյունավետ հետաքննություն»:
Իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում նշվել է նաև, որ Հայաստանի միջազգային գործընկերները լիովին չեն կիրառում իրենց ունեցած ներգործության միջոցները` երկրում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի վրա ազդեցություն գործելու նպատակով: