Մատչելի հղումներ

«Ազատությունն աշխարհում 2012». Հայաստանի գնահատականը մնացել է անփոփոխ


«Ազատությունն աշխարհում 2012». Հայաստանի գնահատականը մնացել է անփոփոխ
«Ազատությունն աշխարհում 2012». Հայաստանի գնահատականը մնացել է անփոփոխ

«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2012» զեկույցը, որի նախաբանում, անդրադարձ կատարելով անցյալ տարի սկսված «արաբական գարնանը», նշվել է, որ «ավտորիտար ոչ մի իշխանություն, անկախ իր կողմից գործադրվող մեթոդների, պաշտպանված չէ ժողովրդի կողմից ժողովրդավարության պահանջից»:

Կազմակերպության զեկույցում ներկայացվել է 195 պետություններում և 14 «տարածքներում» քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոլորտում ստեղված իրավիճակը:

«Ազատությունն աշխարհում 2012» զեկույցում ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանի գնահատականը մնացել է անփոփոխ: Անցյալ տարվա նման, Հայաստանը գնահատվել է որպես «մասամբ ազատ» երկիր:

Զեկույցում բերված աղյուսակի համաձայն, որտեղ «1»-ը նշանակում է ազատության ամենաբարձր մակարդակը, իսկ «7»-ը` ամենացածրը, «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշները երկրում կազմակերպության կողմից գնահատվել են համապատասխանաբար, «6» և «4» մակարդակի վրա, և անցյալ տարվա համեմատ այս ցուցանիշները փոփոխություն չեն գրանցել:

Ըստ զեկույցի, անցյալ տարվա համեմատությամբ նույնն է մնացել նաև ազատությունների իրավիճակը Արցախում: Լեռնային Ղարաբաղի գնահատականը, որն անցյալ տարի գնահատվել էր որպես «ոչ ազատ» երկիր, այս տարվա զեկույցում չի փոխվել: Արցախի «Քաղաքական իրավունքներ» ցուցանիշը, անցյալ տարվա նման, մնացել է «6», իսկ «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշը` «5» մակարդակի վրա:

Հարավկովկասյան պետություններում այս տարվա զեկույցի համաձայն դրական տեղաշարժ չի գրանցվել:

Վրաստանը, անցյալ տարվա նման, գնահատվել է որպես «մասամբ ազատ» երկիր, որի «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշները մնացել են նույնը` համապատասխանաբար, «4» և «3» մակարդակների վրա:

«Freedom House» կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2012» զեկույցի համաձայն, Ադրբեջանում, չնայած անցյալ տարվա համեմատ «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշների անփոփոխ մնալու հանգամանքին, գրանցվել է «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշի բացասական միտում: «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշները մնացել են անփոփոխ` «6» և «5» մակարդակներին:

XS
SM
MD
LG