Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի դատախազը հիմնավորել է Հարիրիի գործով նախնական մեղադրական եզրակացությունը


ՄԱԿ-ի դատախազը հիմնավորել է Հարիրիի գործով նախնական մեղադրական եզրակացությունը
ՄԱԿ-ի դատախազը հիմնավորել է Հարիրիի գործով նախնական մեղադրական եզրակացությունը

ՄԱԿ-ի հատուկ դատարանի դատախազ Դանիել Բելմարը, որն իրականացնում է 2005 թվականին Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննությունը, հանդես է եկել հետաքննության անցկացման ընթացքն ու վստահելիությունը հիմնավորող ելույթով:

Երեքշաբթի օրը ձայնագրված հաղորդագրությունում Բելմարը նշում է, որ չնայած դատարանի դեմ ուղղված քաղաքական բազմաթիվ ճնշումներին, որոնք հիմնականում գործադրվել են Լիբանանի «Հեզբոլլահ» կազմակերպության կողմից, այն շարունակելու է իր աշխատանքը:

Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով նախնական մեղադրական եզրակացությունը երկուշաբթի օրը ներկայացվել է մինչդատական վարույթ իրականացնող դատավորին:

Բելմարը նշել է նաև, որ հետաքննությունն իրականացվել է վեց տարվա ընթացքում այն պատճառով, որ «արդարադատությունը հապճեպ չի իրականացվում» և ապացույցները պետք է լինեն վստահելի և համոզիչ:

Բելմարը հույս է հայտնել, որ դատավարությունը սկսվելու է 2011 վերջին` անկախ կասկածյալների կողմից դատարան ներկայանալու հանգամանքից:

Հանգուցյալ Ռաֆիկ Հարիրիի որդի` վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Բեյրութ են ժամանել Թուրքիայի և Քաթարի արտգործնախարարները:

Բանակցություններն անց են կացվում Արևմուտքի պետությունների կողմից աջակցություն ստացող Լիբանանի կառավարության և անցյալ շաբաթ երկրի կառավարությունը լքած «Հեզբոլլահ»-ի ու նրա դաշնակիցների միջև հաշտեցման նպատակով:

Լիբանանի կառավարության և «Հեզբոլլահ»-ի միջև հարաբերությունները լարվել են` Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննությունը միջազգային ատյանների կողմից հետաքննելու պատճառով:

XS
SM
MD
LG