Մատչելի հղումներ

«General Motors» ընկերությունը «Facebook»-ում գովազդ չի տեղադրի


Ամերիկյան «General Motors» ընկերությունը դադարեցնելու է «Facebook» սոցիալական ցանցում վճարովի գովազդի տեղադրումը՝ կասկածներ հարուցելով սոցիալական ցանցի «կենսունակության» մասին վերջինիս արժեթղթերի շուկա դուրս գալուն ընդառաջ:

Աշխարհի ավտոմոբիլային խոշորագույն ընկերության խոսնակի համաձայն, սոցիալական ցանցում գովազդելու որոշումն ընդունվել է այնտեղ տեղադրված գովազդի ոչ արդյունավետ լինելու պատճառով:

«General Motors» ընկերությունը Միացյալ Նահանգներում գովազդի վրա ամենամեծ միջոցները ծախսող երրորդ խոշորագույն ընկերությունն է, որը «Facebook»-ում տեղադրվող գովազդի վրա տարեկան մոտ 10 միլիոն դոլար էր ծախսում:

«General Motors»-ի կողմից կայացված այս որոշումը սակայն գրեթե ազդեցություն չի գործի համացանցային հսկա «Facebook»-ի վրա, որի եկամուտն անցյալ տարի կազմել է 3,7 միլիարդ դոլարը:

Այնուամենայնիվ, ֆինանսական ոլորտի վերլուծաբանները նշում են, որ ավտոարտադրող ընկերության որոշումը կարող է ազդեցություն գործել այլ ընկերությունների վրա և հնարավոր է, որ դրանք վերանայեն «Facebook» սոցիալական ցանցի դերն իրենց գովազդային ռազմավարության մեջ:

Գովազդից ստացած «Facebook»-ի եկամուտների աճը վերջին մի քանի ամսվա ընթացքում դանդաղել է, և սոցիալական ցանցը դեռևս չի մշակել շարժական սարքերում՝ «խելացի հեռախոսներում» կամ պլանշետային համակարգիչներում ավելի շատ գովազդատուներ խթանելու ռազմավարություն:

Սպասվում է, որ ուրբաթ օրը «Nasdaq» բորսայում ընկերության արժեթղթերի վաճառքի մեկնարկից հետո «Facebook»-ի արժեքը, որը երեքշաբթի օրը բարձրացրել է նախնական հանրային առաջարկի ընթացքում մեկ բաժնետոմսերի գինը 28-ից առնվազն 34 դոլարի, կգերազանցի 100 միլիարդ դոլարը:

XS
SM
MD
LG