Մատչելի հղումներ

«Facebook»-ի արժեքը նախնական հրապարակային առաջարկի ժամանակ կարող է կազմել մոտ 96 միլիարդ դոլար


Աշխարհում ավելի քան 900 միլիոն օգտվող ունեցող սոցիալական «Facebook» կայքը շուտով դուրս է գալու արժեթղթերի շուկա:

«Facebook»-ը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկի ընթացքում ընկերության մեկ բաժնետոմսի գինը կարող է կազմել 28-ից 35 դոլար: Այս գնի դեպքում ընկերության արժեքը կարող է կազմել մոտ 96 միլիարդ դոլար:

Ներդրողներ ներգրավելու նպատակով ընկերության ղեկավարությունը նախատեսում է Միացյալ Նահանգների գլխավոր մի քանի քաղաքում գովազդային շրջագայություն կազմակերպել:

Սպասվում է, որ «NASDAQ» բորսայում ընկերության արժեթղթերը վաճառքի կհանվեն մայիս ամսվա կեսին:

Առ այսօր, Միացյալ Նահանգների ինտերնետային ընկերություններից բաժնետոմսերի նախնական հրապարակային ամենամեծ առաջարկն անցկացրել է «Facebook»-ի մրցակից «Google» ընկերությունը, որին 2004 թվականին նախնական հրապարակային առաջարկի ժամանակ հաջողվել է ձեռք բերել մոտ 2 միլիարդ դոլար:

Բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկ իրականացնող ընկերությունները բաժնետոմսերի պատշաճ գնանշման և միլիոնավոր բաժնետոմսերի վաճառքն իրականացնելու համար դիմում են ներդրումային բանկերի օժանդակության:

XS
SM
MD
LG