Մատչելի հղումներ

Քադաֆիին հավատարիմ ուժերի շարասյունն անցել է Նիգերի տարածք


Քադաֆիին հավատարիմ ուժերի շարասյունն անցել է Նիգերի տարածք

Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի ավելի քան 200 մեքենաներից կազմված մի շարասյուն տեղափոխվել է Լիբիայի հետ սահմանակից Նիգեր:

Այս պետությունից երեքշաբթի օրը ստացված հաղորդագրությունների համաձայն, շարասյունը Նիգերի տարածք է անցել երկուշաբթի ուշ երեկոյան, և ուղևորվել է դեպի Նիգերի մայրաքաղաք, որը գտնվում է երկրի հարավարևմտյան մասում` Քադաֆիին ապաստան առաջարկած Բուրկինա Ֆասոյի հարևանությամբ:

Քադաֆիին ապաստան տրամադրելու պատրաստակամություն հայտնած Բուրկինա Ֆասոյի պաշտոնատար անձինք սակայն ճանաչել են Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը որպես երկրում պաշտոնավարելու իրավունք ունեցող լեգիտիմ ուժ:

Քադաֆիի անվտանգությունն ապահովող ստորաբաժանումների ղեկավար Մանսուր Դհաոն մի քանի լիբիացու հետ միասին Նիգերի տարածք են անցել նախքան այս երկիր շարասյան մուտք գործելը:

Քադաֆիի գտնվելու վայրը դեռևս անհայտ է և պարզ չէ, արդյոք Նիգերի տարածք անցած շարասյան հետ տեղափոխվել են իր մերձավորներն ու կառավարության պաշտոնյաները, թե նրանց միանալու են շարասյանն ավելի ուշ:

Նիգերի արտաքին գործերի նախարարը երեքշաբթի օրը հերքել է շարասյունում Քադաֆիի գտնցելու մասին լուրերը:

Այս ընթացքում Բանի Վալիդ քաղաքի մոտակայքում գտնվող ապստամբների ստորաբաժանումներին միացել են թարմ ուժեր: Այս քաղաքում Քադաֆիին դեռևս հավատարիմ մնացող ուժերին ներկայացված վերջնագիծը լրանում է շաբաթ օրը:

Բանի Վալիդ քաղաքի ցեղախմբերի առաջնորդների, Քադաֆիին հավատարիմ ուժերի և Լիբիայի ժամանակավոր կառավարության միջև բանակցությունները վերսկսվել են երեքշաբթի օրը: Երկու կողմերի ներկայացուցիչները հանդիպել են քաղաքի մոտակայքում գտնվող մզկիթներից մեկում: Հանդիպման ընթացքում Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչները հավաստիացրել են քաղաքի բնակիչներին և ցեղախմբերի առաջնորդներին իրենց անվտանգությունը ապահովելու և վրեժխնդիր չլինելու մեջ:

Լիբիայի Անցումային ազգային խորհրդի պաշտոնատար անձանց համաձայն, այս Բանի Վալիդում են գտնվում Քադաֆիի որդիներից առնվազն երկուսը, իր խոսնակ Մուսա Իբրահիմը, իսկ Քադաֆիի որդիներից ամենահայտնին` Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆին, փախուստի է դիմել Բանի Վալիդ քաղաքից դեպի հարավային անապատներ:

XS
SM
MD
LG