Մատչելի հղումներ

Ռմբակոծության դավադրությունում հայտնաբերվել է ալ–Քաիդայի «դրոշմակնիքը»


Ռմբակոծության դավադրությունում հայտնաբերվել է ալ–Քաիդայի «դրոշմակնիքը»
Ռմբակոծության դավադրությունում հայտնաբերվել է ալ–Քաիդայի «դրոշմակնիքը»

ԱՄՆ–ի ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոյի համաձայն, պայթուցիկ նյութեր պարունակող երկու փաթեթ, որոնք ուղարկվել են Եմենից և նախատեսված են եղել ԱՄՆ–ում գործածելու համար, պարունակել են ալ–Քաիդայի, մասնավորապես Եմենում գործող մասնաճյուղի «դրոշմակնիքը»։

Շաբաթ օրը ԱՄՆ–ի լրատվամիջոցներին Նապոլիտանոն հայտնել է նաև, որ հետաքննությունը շարունակվում է, և համապատասխան եզրահանգումների գալու համար փաթեթների պարունակությունը պետք է հետազոտվի։

Նա սակայն ասել է, որ փաթեթները ենթադրաբար պարունակում են «PETN» պայթուցիկ նյութը, որն օգտագործվել էր անցյալ տալի ԱՄՆ–ում ինքնաթիռներից մեկում պայթյուն իրականացնելու ձախողված փորձի ժամանակ։ Այդ դավադրությունը կազմակերպել է Եմենում գործող ալ–Քաիդայի մասնաճյուղը, որը հայտնի է «Արաբական թերակղզում ալ–Քաիդա» անվամբ։

ԱՄՆ–ի, Եմենի և Մեծ Բրիտանիայի պետական մարմինները որոնում են ահաբեկիչներին, ովքեր ուղարկել են Չիկագոյի հրեական պաշտամունքի վայրերի համար նախատեսված պայթուցիկ փաթեթները։ Փաթեթները հայտնաբերվել են ինքնաթիռների մեջ Մեծ Բրիտանիայում և Դուբայում։

ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը պայթուցիկ փաթեթներն ուղարկելու հետ կապված իրադարձություններն անվանել է «ահաբեկչության արժանահավատ սպառնալիք»։

ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համաձայն, փաթեթները հայտնաբերվել են՝ շնորհիվ Սաուդյան Արաբիայի հետախուզական մարմինների, որոնք Միացյալ Նահանգներին են հայտնել դավադրության վերաբերյալ տեղեկությունները։ Փաթեթների հայտնաբերումը բերել է անվտանգության ավելի խիստ միջոցառումների կիրառմանը և ԱՄՆ–ի արևելյան մասում բեռնատար ինքնաթիռների խուզարկումների անցկացմանը։

XS
SM
MD
LG