Մատչելի հղումներ

Եվրոյի գոտում ճգնաժամը գնալով թափ է առնում


Եվրոյի գոտում ճգնաժամը գնալով թափ է առնում

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցի համաձայն, եվրոյի գոտու պետություններում գնալով թափ է առնում տնտեսական ճգնաժամը:

Կազմակերպության կողմից երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում ներկայացված կանխատեսումների համաձայն, եվրոն որպես արժույթ օգտագործող 17 պետությունների տնտեսությունում մինչև այս տարվա ավարտը մնացող երեք ամսվա ընթացքում կգրանցվի անկում` տարեկան կտրվածքով մեկ տոկոսով, իսկ 2012 թվականի առաջին եռամսյակում նույն ցուցանիշը կազմելու է մեկ տոկոսի չորս տասնորդականը:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համաձայն, Եվրոպայում ծավալվող պարտքային ճգնաժամը կայունացնելու համար անհրաժեշտ է Եվրոպական կենտրոնական բանկի միջամտությունը:

Մայրցամաքում ծավալված պարտքային ճգնաժամը լինելու է նաև ԱՄՆ-ի Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյի, Եվրոպական Միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի, ինչպես նաև ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընի միջև կայանալիք հանդիպման գլխավոր թեման:

Իտալիայում և Իսպանիայում և եվրոպական այլ պետություններում պարտքային պարտավորությունների չկատարման մտահոգությունները շփոթություն են առաջացնում միջազգային ֆինանսական շուկաներում, և այդ պատճառով Գերմանիան և Ֆրանսիան մեկնարկել են ֆինանսական նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ, որով նախատեսվում է խստացնել եվրոյի գոտում ֆինանսական, ինչպես նաև բյուջետային կարգապահությունը: Առանձին պետություններ նախկինում խուսափել են նման համաձայնագրից` ելնելով իրենց ինքնիշխանության սահմանափակման մտահոգություններից:

XS
SM
MD
LG