Ճապոնիան նախազգուշացրել է իր քաղաքացիներին Եվրոպայում ահաբեկչական հարձակման հնարավորության մասին` միանալով ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, որոնք զբոսաշրջիկներին նախազգուշացրել են մոտալուտ հարձակման մասին:
Երկուշաբթի օրը Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է զբոսաշրջիկներին, հանրային տրանսպորտից օգտվելիս և տեսարժան վայրեր այցելելիս, զգոնություն պահպանելու անհրաժեշտության մասին:
Կիրակի օրը Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախազգուշացրել է երկրի քաղաքացիներին Ֆրանսիայում և Գերմանիայում ահաբեկչական հարձակումների «բարձր» հնարավորության մասին:
ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հրապարակել է նախազգուշացում` հայտարարելով Ալ-Քաիդայի և դրա մասնաճյուղերի կողմից Եվրոպայում ահաբեկչական հարձակումների հնարավորության մասին:
Արևմտյան հետախուզական կազմակերպությունների պաշտոնյաներն անցյալ շաբաթ հայտնել էին, որ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավոր քաղաքներում Պակիստանում գործող և Ալ-Քաիդայի հետ կապեր ունեցող զինյալների կողմից ահաբեկչական հարձակումներ իրականացնելու դավադրություն:
Պաշտոնյաների համաձայն, դավադրությունը ենթադրաբար ներառում էր հասարակական վայրերում Հնդկաստանի Մումբայ քաղաքում 2008 թվականին իրականացված հարձակման նման հարձակումներ իրականացնելու ծրագրեր: Մումբայ քաղաքում 2008 թվականին մահմեդական զինյալների կողմից գրեթե միաժամանակ անցկացված հարձակումների արդյունքում սպանվել կամ վնասվածքներ էր ստացել մոտ 500 մարդ: