Մատչելի հղումներ

Եվրոպայի պետությունների ղեկավարները «սկզբունքորեն» համաձայն են ֆինանսական նոր պայմանագիր կնքելուն


Եվրոպայի պետությունների ղեկավարները «սկզբունքորեն» համաձայն են ֆինանսական նոր պայմանագիր կնքելուն

Բրյուսելում հանդիպում անցկացնող Եվրոպական պետությունների ղեկավարները «սկզբունքորեն» համաձայնվել են դիմել անդամ պետություններին հավասարակշռված բյուջե պահպանելու խնդրանքով և պատժամիջոցներ սահմանել խախտողների նկատմամբ:

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները հայտնել են սակայն, որ ֆինանսական կարգավորման նոր կանոններով «ինքնաբերաբար» ուղղիչ մեխանիզմ կիրառելուց առաջ նախատեսվում է հաշվի առնել յուրաքանչյուր պետության համար ստեղծված «հատուկ հանգամանքները»:

Բելգիայի մայրաքաղաքում հինգշաբթի ուշ երեկոյան մեկնարկած հանդիպման սկզբում Եվրոպական պետությունների ղեկավարները համաձայնության չեն եկել մայրցամաքի տնտեսության կայունությանը սպառնացող պարտքային ճգնաժամին լուծում գտնելու եղանակների շուրջ:

Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում են փոփոխություն մտցնել Եվրամիության հիմնադիր պայմանագրերում՝ սահմանելով պատժամիջոցներ իրենց բյուջետային միջոցները գերազանցող պետությունների նկատմամբ: Բացի դրանից, այս երկու պետությունների ղեկավարները նախատեսում են սահմանել կորպորատիվ միասնական հարկադրույք և ֆինանսական գործարքների նկատմամբ նոր հարկ:

Մեծ Բրիտանիան, որը որպես ազգային արժույթ չի օգտագործում եվրոն, մտահոգություն է արտահայտել այն հանգամանքով, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի կողմից ներկայացված ծրագիրը կարող է խաթարել իր ինքնիշխանությունը:

Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոն հորդորել է անդամ պետությունների կառավարություններին գործել՝ ելնելով Եվրոպայի միասնական շահերից:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում հայտնել է լրագրողներին, թե կարծում է, որ Եվրոպական պետությունները, քաղաքական կամք դրսևորելու դեպքում, բավական հնարավորություններ ունեն հաղթահարել պարտքային ճգնաժամը:

XS
SM
MD
LG