Մատչելի հղումներ

Եգիպտոսում հազարավոր մարդիկ շարունակել են բողոքի ցույցերը


Եգիպտոսում հազարավոր մարդիկ շարունակել են բողոքի ցույցերը

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կահիրեի Թահրիր հրապարակ՝ շարունակելով պահանջել իշխող ռազմական խորհրդի հրաժարականը՝ չնայած Եգիպտոսի կառավարության կողմից արված զիջումների:

Ցուցարարները դուրս են եկել փողոց ուրբաթ օրը ռազմական խորհրդի կողմից նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարության պաշտոնյաներից մեկին՝ Քամալ Գանզուրիին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելուց հետո:

Եգիպտոսի պետական «Ալ Ահրամ» օրաթերթի փոխանցմամբ, Զինված ուժերի գերագույն խորհրդի նախագահ, ֆելդմարշալ Հուսեյն Թանթավիի հետ ունեցած հանդիպումից հետո Գանզուրին համաձայնվել է ղեկավարել ազգային փրկության կառավարությունը:

Եգիպտոսի իշխանությունների կողմից ձեռնարկված այս քայլը սակայն էական ազդեցություն չի գործել ցուցարարների դիրքորոշման վրա, որոնց մի մասը պահանջել է անցկացնել «մեկ միլիոն մարդու» բողոքի ցույց՝ զինված ուժերի տալով իշխանությունը փոխանցելու վերջին հնարավորություն, իսկ Թահրիր հրապարակում ուրբաթ օրն աղոթքներն անցկացրած իմամը հորդորել է ցուցարարների չլքել հրապարակն այնքան ժամանակ, մինչև իշխանությունները չկատարեն ցուցարարների պահանջները:

ԱՄՆ-ի Սպիտակ տունն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Եգիպտոսի ռազմական իշխանությունները պետք է արագացնեն քաղաքական կառավարությանն իշխանությունը փոխանցելու գործընթացը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Եգիպտոսի զինված ուժերը ներողություն են խնդրել այս շաբաթ ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև մի շարք բախումների պատճառով ցույցերի բազմաթիվ մասնակցի մահվան համար:

Երկրի ռազմական իշխանությունները խոստացել են պատասխանատվության ենթարկել նրանց, ում գործողությունների պատճառով տեղի ունեցել ցուցարարների սպանությունները:

XS
SM
MD
LG