Եգիպտոսի զինված ուժերը ներողություն են խնդրել այս շաբաթ ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև մի շարք բախումների պատճառով ցույցերի 35 մասնակցի մահվան համար:
Երկրի ռազմական իշխանությունները խոստացել են պատասխանատվության ենթարկել նրանց, ում գործողությունների պատճառով տեղի ունեցել ցուցարարների սպանությունը:
Զինված ուժերը ներողություն են խնդրել այն ժամանակ, երբ Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում, որտեղ տեղի են ունեցել դաժան ընդհարումներ ոստիկանության և ցուցարարների միջև, փխրուն խաղաղություն է հաստատվել:
Եգիպտոսի որոշ բնակավայրերում սակայն բախումները շարունակվել են նաև հինգշաբթի օրը: Կահիրեից դեպի արևելք՝ Սուեզյան ջրանցքի մոտակայքում գտնվող Իսմաիլիա քաղաքում ցուցարարները դյուրավառ հեղուկով լցված շշեր են նետել զրահամեքենաներով և տանկերով քաղաքի փողոցներով անցնող զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ, քաղաքում լսվել են փոխհրաձգության ձայներ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը չորեքշաբթի օրը հորդորել է Եգիպտոսի իշխանություններին դադարեցնել «ցուցարարների դեմ ակնհայտորեն չափազանց մեծ ուժ գործադրումը» և «խորապես ցնցող» է անվանել կառավարական ուժերի կողմից ծեծի ենթարկված ցուցարարների լուսանկարները:
Եգիպտոսի իշխանությունները չորեքշաբթի օրը հայտնել են, որ այս շաբաթվա սկզբին ցույցերի ընթացքում ձերբակալված ամերիկացի երեք ուսանողները հարցաքննվել են տեղական ոստիկանության կողմից՝ ուսանողների փաստաբանների և Եգիպտոսում ԱՄՆ-ի դեսպանության ներկայությամբ:
Եգիպտոսի լրատվամիջոցների համաձայն, Կահիրեի ամերիկյան համալսարանում սովորող ուսանողները ձերբակալվել են ոստիկանների ուղղությամբ վառելիքով լցված շշեր նետող այլ ցուցարարների հետ միասին:
Ամերիկացի ուսանողներին, որոնք հերքում են որևէ իրավախախտում կատարելու հանգամանքը, դեռևս պաշտոնապես որևէ մեղադրանք չի ներկայացվել: