Մատչելի հղումներ

Եգիպտոսի ցուցարարները մերժել են զինված ուժերի զիջումները


Եգիպտոսի ցուցարարները մերժել են զինված ուժերի զիջումները
Եգիպտոսի ցուցարարները մերժել են զինված ուժերի զիջումները

Եգիպտոսում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամը խորացել է այն բանից հետո, երբ երկրի մայրաքաղաքի Թահրիր հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր ցուցարարներ մերժել են երկրի ռազմական խորհրդի կողմից իշխանությունը քաղաքական մարմիններին փոխանցելու գործընթացն արագացնելու մասին առաջարկը և շարունակել են պահանջել զինված ուժերի ղեկավարի հրաժարականը:

Ցույցերը և կառավարական ուժերի հետ բախումները չորեքշաբթի օրը շարունակվել են նաև երկրի այլ քաղաքներում: Ալեքսանդրիա հյուսիսային քաղաքում մեկ մարդ սպանվել է անվտանգության ուժերի կողմից արձակած կրակի պատճառով:

Չնայած երկրի ոստիկանությունը հերքում է մարտական փամփուշտներ կիրառելու մասին լուրերը, սակայն վերջին իրադարձությունների ընթացքում զոհված 30 մարդկանց մեծ մասի մահը վրա է հասել հրազենային կրակոցներից:

Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի նախագահ, ֆելդմարշալ Մոհամեդ Թանթավին երեքշաբթի օրը հանդես է եկել հազվագյուտ ելույթով, որի ընթացքում խոստացել է մինչև 2012 թվականի հուլիս ամիսը երկրում անցկացնել նախագահական ընտրություններ և հայտնել, որ ցանկանում է անցկացնել հանրաքվե այն հարցի շուրջ, թե արդյոք Եգիպտոսում զինված ուժերը պետք է ավելի արագ փոխանցեն իշխանությունը քաղաքական մարմիններին:

Թանթավիի ելույթից հետո անցկացվել է հանդիպում, որի ընթացքում քաղաքական և մահմեդական կազմակերպությունների, ներառյալ «Մահմեդական եղբայրության» հետ քննարկվել է ճգնաժամը հաղթահարելու ճանապարհները:

Ազատական և աշխարհիկ բազմաթիվ կուսակցություններ, որոնք հորդորել են զինված ուժերին անմիջապես փոխանցել իշխանությունը, չեն մասնակցել այս հանդիպմանը և մեղադրել են «Մահմեդական եղբայրություն» շարժումը «հեղափոխությունը կարճաժամկետ քաղաքական շահի հետ փոխանակելու» մեջ:

XS
SM
MD
LG