Չիլիում երկրի մակերեսից 700 մետր խորության վրա գտնվող փլուզված հանքահորի մեջ հայտնված 33 հանքագործների փրկարարական աշխատանքները կազմակերպելու համար երկրի կառավարությունը դիմել է ՆԱՍԱ-ի` ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի գործակալության օգնությանը:
Փրկարար ծառայությունները մտահոգված են հանքագործների ֆիզիկական և մտավոր առողջությամբ, քանի որ հանքահորից նրանց ազատելու համար պահանջվելու է մի քանի ամիս:
ՆԱՍԱ-ն ունի մեկուսացման մեջ երկար ժամանակ գտնվող տիեզերագնացների նախապատրաստման հարուստ փորձ, և գործակալության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել տրամարդել իրենց օգնությունը:
Մեկուսացման մեջ հայտնված հանքագործների հետ հաղորդակցվելու, ինչպես նաև սնունդ և այլ անհրաժեշտ պաշարներ տրամադրելու համար փրկարար ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են երկու նեղ հորատանցք:
Հանքագործները մեկուսացման մեջ են հայտնվել Չիլիի Կոպիապո քաղաքի մոտ գտնվող հանքավայրում տեղի ունեցած փլուզումից հետո: Երկրի պաշտոնյաների համաձայն, հանքագործները հայտնել են, որ իրենց համար առայժմ ամեն ինչ կարգին է: