Մատչելի հղումներ

Սիրիայում դիտորդների շարասյան մոտակայքում պայթյուն է որոտացել


Սիրիայում առաքելություն իրականացնող ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան մոտակայքում չորեքշաբթի օրը պայթյուն է որոտացել:

Դերաա քաղաքում իրականացված պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել ՄԱԿ-ի դիտորդների շարասյուն ուղեկցող Սիրիայի զինված ուժերի ավտոմեքենաներում գտնվող վեց զինծառայող:

ՄԱԿ-ի ավտոշարասյունում է եղել Սիրիայում դիտորդական առաքելության ղեկավար, գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը, սակայն նա և իրեն ուղեկցող դիտորդներից ոչ մեկը վնասվածքներ չեն ստացել:

Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդները շարունակել են երկրի տարբեր մասեր կատարվող այցելությունները՝ իրականացնելով փխրուն հրադադարի մոնիթորինգը:

ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանը երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն դիտորդների առաքելությունը Սիրիայում իրավիճակը կայունացնելու «հավանաբար վերջին հնարավորությունն է: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցկացված ճեպազրույցի ընթացքում նա ասել է, թե իրեն շատ է մտահոգում Սիրիայում քաղաքացիական պատերազմի ծավալման հնարավորությունը:

Այս ընթացքում երկրի կառավարությունը շարունակել է երկուշաբթի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկը: Պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության վկայությամբ, ձայների հաշվարկն ավարտվել է մի քանի շրջանում, ներառյալ Իդլիբն ու Դերաան:

Ընտրություններին երկրի խորհրդարանի 250 տեղերի համար պայքար է մղել ավելի քան 7 հազար թեկնածու: Շատերի կողմից այս ընտրությունները դիտվել են որպես ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու կառավարության կողմից գործադրվող ջանքերի արդյունքներից մեկը: Սիրիայի ընդդիմությունը սակայն «խարդախություն» է գնահատել ընտրությունները՝ նշելով, որ դրանք հավաստի չեն, քանի որ երկրի իշխանությունները շարունակում են բռնություններ գործադրել այլախոհների նկատմամբ:

XS
SM
MD
LG