Սիրիայի ակտիվիստների համաձայն, երկրի այն քաղաքների և գյուղերի բնակիչները, որտեղ շարունակվում են երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ բողոքները, հիմնականում բոյկոտել են խորհրդարանական ընտրությունները, որոնք ընդդիմադիր հիմնական խմբավորումները «կեղծիք» են անվանել:
Ակտիվիստների համաձայն, ընդդիմության հենակետ Համա և այլ քաղաքներում երկուշաբթի օրը փողոցները դատարկ էին, խանութները՝ փակ, քանի որ այդ բնակավայրերում ապրող մարդիկ համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ բողոքելով երկրում անցկացվող ընտրությունների դեմ:
Սիրիայում ընտրություններ անցկացնելու միջոցով երկրի նախագահ Ասադի կառավարությունը փորձում է ցույց տալ, որ 1970-ական թվականներից իր ընտանիքի կողմից կառավարվող երկում ժողովրդավարական բարեփոխումների գործընթաց է իրականացվում:
Երկրում ու երկրից դուրս գործող ընդդիմադիր հիմնական խմբավորումները սակայն «կեղծիք» են անվանել քվեարկությունը՝ ասելով, որ այն չի կարող լինել արժանահավատ այն ժամանակ, երբ կառավարական ուժերը շարունակում են բռնությունները երկրում արդեն 14 ամիս շարունակվող ապստամբության մասնակիցների նկատմամբ:
«Սիրիայի ազգային խորհուրդ» ընդդիմադիր կազմակերպության խոսնակ Բասմա Քոդմանին հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ Սիրիայի կառավարությունն իր կողմից վերահսկվող վայրերում ստիպողաբար տեղափոխում է մարդկանց ընտրական տեղամասեր՝ անվտանգության ուժերի աջակցությամբ: