Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահը հորդորել է Թուրքիային նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ


ԱՄՆ-ի փոխնախագահը հորդորել է Թուրքիային նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիա կատարվող իր այցի ընթացքում հորդորել է այս երկրի կառավարությանը նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ և գովասանքի խոսքեր է ուղղել այս երկրի իշխանություններին` Սիրիայի կառավարության դեմ ուղղված պատժամիջոցներ սահմանելու համար:

Թուրքիա կատարվող իր պաշտոնական այցի ընթացքում փոխնախագահ Բայդենն Անկարայում հանդիպում է ունեցել նախագահ Աբդուլլահ Գյուլի և խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ, և վաղը ծրագրում է այցելել վիրահատությունից ապաքինվող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, այցի ընթացքում Ջո Բայդենը մտահոգություն է արտահայտել Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակով` նշելով, որ «նոր սահմանադրություն ընդունելու ծրագրերը պետք է խորացնեն հարգանքը դեպի Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները»:

Փոխնախագահ Բայդենը անդրադարձել է նաև Հեյբելիադայի (Հալքի) հունական ուղղափառ աստվածաբանական վարժարանի վերաբացումը չիրականացնելու խնդրին: Բայդենը, ասելով, թե «Թուրքիան բազմիցս հանդուրժողականություն է ցուցաբերել փոքրամասնությունների կրոնի նկատմամբ, սակայն այս «անոմալիան» ստվեր է գցում Թուրքիայի միջազգային իմիջի վրա»:

Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ինքնավարություն պահանջող քուրդ ապստամբների հետ շարունակվող հակամարտության խնդիրը: ԱՄՆ-ի փոխնախագահի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Գյուլն ասել է, որ երկու պետությունների միջև «է՛լ ավելի է խորանալու քուրդ ապստամբների դեմ ուղղված համագործակցությունը»:

Սպասվում է, որ Թուրքիա կատարվող այցի ընթացքում Ջո Բայդենը, որը, լինելով ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, բազմիցս ցուցաբերել է իր աջակցությունն Իսրայելին, հորդորելու է այս Թուրքիան բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ:

Թուրքիա կատարվող այցից հետո ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենն այցելելու է Հունաստան, որտեղ հանդիպում կանցկացնի երկրի նորանշանակ վարչապետ Լուկաս Պապադեմոսի հետ:

XS
SM
MD
LG