Մատչելի հղումներ

Թուրքիան սառեցրել է Սիրիայի ղեկավարության ակտիվները, սահմանել այլ պատժամիջոցներ


Թուրքիան սառեցրել է Սիրիայի ղեկավարության ակտիվները, սահմանել այլ պատժամիջոցներ

Թուրքիայի իշխանությունները սառեցրել են Սիրիայի ղեկավարների ակտիվները և ձեռնարկել այլ պատժամիջոցներ՝ այս երկրում շարունակվող ապստամբության մասնակիցների դեմ իրականացվող բռնությունների պատճառով:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն պատժամիջոցները սահմանելու մասին հայտարարությամբ հանդես է եկել չորեքշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցներից է այս երկրի Կենտրոնական բանկի հետ կապերի խզումը, զենքի առաքման արգելումը և հարևան պետությունների միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի գործունեության դադարեցումը:

Սիրիայի տեղեկատվության նախարար Ադնան Մահմուդը երեքշաբթի օրն ասել է, թե երկրում կուտակվել են բավարար քանակությամբ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարներ՝ պատժամիջոցներին դիմակայելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի տրանսպորտի նախարարը երեքշաբթի օրը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է դադարեցնել Սիրիայի տարածքով իրականացվող բեռնափոխադրումները՝ այդ նպատակով բացելով առևտրային նոր ուղիներ, որոնք կանցնեն Իրաքի տարածքով: Նա ասել է, որ տարածաշրջանում ցամաքային բեռնափոխադրման ուղիները փոխելու անհրաժեշտության դեպքում հնարավոր է, որ Թուրքիան սահմանային նոր անցում բացի Իրաքի հետ:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե «Անկարան պատրաստ է ցանկացած սցենարի՝ Սիրիայում բռնությունների շարունակության դեպքում»:

Դավութօղլուն ասել է նաև, որ Թուրքիան Սիրիայի հետ սահմանամերձ հատվածում կարող է ստեղծել բուֆերային գոտի, որի ստեղծման անհրաժեշտությունը կարող է ծագել այն դեպքում, եթե բռնությունների պատճառով դեպի Թուրքիա փախուստի դիմեն Սիրիայի հարյուր հազարավոր բնակիչներ:

Թուրքիայի արտգործնախարարի համաձայն, Սիրայի կառավարությունը պետք է հաշտվի իր իսկ ժողովրդի հետ, քանի որ այս երկրի քաղաքացիներին խոշտանգումների ենթարկող վարչակարգը «գոյատևելու հնարավորություն չունի»:

XS
SM
MD
LG