Մատչելի հղումներ

Այսօր լրացել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը


Այսօր լրացել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության 20-րդ տարեդարձը:

Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից՝ խորհրդարանը 1991 թվականին սեպտեմբերի 21-ին որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։

Հանրաքվեի արդյունքների հիման վրա` 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:

Իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի դարավոր երազանքը:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ շարունակում է ստանալ շնորհավորանքներ:

Հանրապետության ղեկավարին ուղղված Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի շնորհավորական ուղերձում նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարող է հպարտ լինել այն ամենով, ինչ իրականացրել է, շատ հաճախ դժվարագույն պայմաններում, վերջին քսան տարիների ընթացքում:

«Հայաստանը ժողովրդավարություն է կերտել, իրականացրել անցումը շուկայական տնտեսությանն ու վերագտել իր տեղը միջազգային բեմահարթակում։ Նա այդ ամենն իրականացրել է նաև շնորհիվ իր ժողովրդի խիզախության ու աշխատասիրության առանձնահատուկ որակների, որոնց ես կցանկանայի արժանին մատուցել», - ասել է Սարկոզին։

Ֆրանսիայի նախագահն իր նամակում նշել է, որ բոլոր տարիների ընթացքում Ֆրանսիան և Հայաստանը, որոնց միացնում են ամուր և դարավոր կապեր, զարգացրել ու հետևողականորեն խորացրել են արդունավետ համագործակցություն բոլոր բնագավառներում։

«Վստահ եղեք, որ Ֆրանսիան իր բարեկամ Հայաստանի կողքին է՝ աջակցելու նրան՝ դիմակայելու ծառացած մարտահրավերներին», - ասված է Ֆրանսիայի նախագահի Նիկոլա Սարկոզիի ուղերձում։

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել են նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Քրիստիան Վուլֆը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ինչպես նաև այլ բազմաթիվ պետությունների ղեկավարներ:

XS
SM
MD
LG