ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ:
Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ Հիլարի Քլինթընը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից հղել է լավագույն մաղթանքները Հայաստանի ժողովրդին՝ այս տարվա սեպտեմբերի 21-ին երկրի անկախության 20-րդ տարեդարձը լրանալու առթիվ:
Իր շնորհավորական ուղերձում Հիլարի Քլինթընն նշել է, որ Միացյալ Նահանգները արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունները, որոնց հիմքում ընկած են փոխադարձ հարգանքը և շահերը:
«Մենք միասին աշխատում ենք աղքատության նվազեցման, առևտրի և ներդրումների ընդլայնման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցի զարգացման և առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավման ուղղությամբ», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը՝ վերահաստատելով երկու պետությունների միջև համագործակցության բարելավման Միացյալ Նահանգների հանձառությունը:
«Հայաստանի անկախության տարեդարձը ընտանիքի, ընկերների կամ մերձավորների շրջապատում նշելիս հիշեք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի գործընկերն ու բարեկամն է: Շնորհավորում եմ և ամենայն բարին եմ ցանկանում համայն աշխարհի հայությանը և ցանկանում եմ, որ գալիք տարիները լինեն խաղաղ և բարեկեցիկ», - իր շնորհավորական ուղերձում ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը: