Մատչելի հղումներ

«Անոնիմ»-ը խաթարել է Չինաստանի հարյուրավոր կայքերի աշխատանքը


Հաքերների միջազգային «Անոնիմ» խմբավորումը հայտնել է Չինաստանի հարյուրավոր, ներառյալ պետական կայքերի դեմ իրականացված հարձակումների մասին:

Ըստ խմբավորման, հարձակումներն իրականացվել են Չինաստանում համացանցի գրաքննության խիստ քաղաքականության դեմ բողոք արտահայտելու նպատակով:

«Անոնիմ»-ի կողմից առցանց հրապարակված հաղորդագրության համաձայն, խմբավորման հաքերներին անցյալ շաբաթվա ընթացքում հաջողվել է խաթարել կամ տեղեկություներ առևանգել Չինաստանի ավելի քան 500 կայքերից, որոնց թվում եղել են մի քանի քաղաքի իշխանությունների, ինչպես նաև առևտրային կայքեր:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հոնգ Լեյը հինգշաբթի օրը ընդունել է այն հանգամանքը, որ երկրի կառավարության կայքերը «զոհ են գնացել» հաքերների կողմից իրականացված հարձակումների` պնդելով սակայն, որ Չինաստանում համացանցից օգտվողները «կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը»:

«Անոնիմ»-ի կողմից հրապարակված հաղորդագրություններից մեկում քննադատության են ենթարկվել Չինաստանում համացանցի նկատմամբ գործող սահմանափակումները և ներկայացվել «Չինաստանի համացանցային մեծ պարիսպ» անվանված սահմանափակումները շրջանցելու խորհուրդներ:

Հիշեցնենք, որ «Facebook» և «Twitter» սոցիալական կայքերի աշխատանքը Չինաստանում արգելափակված է, և դրանց փոխարեն երկրի բնակիչներն օգտագործում են մեծ ժողովրդականություն վայելող` «վեյբո» («weibo») անվանումը կրող միկրոբլոգները, որտեղ հրապարակվող տեղեկությունները վերահսկվում են պետական մարմինների աշխատողների կողմից: Վերահսկողական մարմինների աշխատողները հեռացնում են «վեյբո»-ներում տեղադրված վիճահարույց կամ քաղաքական տեսակետից «զգայուն» նյութերը:

XS
SM
MD
LG