Մատչելի հղումներ

«Վիքիլիքս»-ը հրապարակելու է «Ստրատֆոր»-ի նամակագրությունը


«Վիքիլիքս»-ը հրապարակելու է «Ստրատֆոր»-ի նամակագրությունը

«Վիքիլիքս» կայքը հայտնել է ռազմավարական վերլուծության ծառայություններ մատուցող «Ստրադֆոր Գլոբալ Ինթելինջենս» ամերիկյան մասնավոր կազմակերպությունից հափշտակված ավելի քան 5 միլիոն էլեկտրոնային նամակի հրապարակումը մեկնարկելու մասին:

Կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, էլեկտրոնային նամակներում բացահայտվում են «Ստրատֆոր»-ի «տեղեկություններ տրամադրողների ցանցը, վճարման համակարգը, «վճարումների լվացման», ինչպես նաև հոգեբանական ազդեցության մեթոդները»:

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ էլեկտրոնային նամակում պարունակվում են տեղեկություններ Միացյալ Նահանգների կողմից «Վիքիլիքս»-ի հիմնադրի Ջուլիան Ասանժի նկատմամբ իրականացված հետապնդումների, ինչպես նաև «Վիքիլիքս»-ի գործունեությանը խոչընդոտելուն ուղղված «Ստրատֆոր»-ի սեփական ջանքերի մասին:

«Ստրատֆոր» ընկերությունը երկուշաբթի վաղ առավոտյան ընդունել է ընկերության էլեկտրոնային որոշ նամակների հրապարակման հնարավորության առկայությունը՝ որպես «ողբալի և հանցավոր» նկարագրելով «Վիքիլիքս»-ի կողմի իրականացվող գործունեությունը: «Վիքիլիքս»-ն իր հերթին հայտնել է, որ «Ստրատֆոր»-ի հրապարակվող նամակագրությունը ներառում է 2004 թվականի հուլիսից մինչև 2011 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը, իսկ նամակներից մոտ 4 հազարում հիշատակված են «Վիքիլիքս»-ն ու կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի անունը:

«Վիքիլիքս»-ը սակայն չի տեղեկացրել, թե ինչ աղբյուրներից են ձեռք բերվել էլեկտրոնային նամակները, սակայն «Ստրատֆոր» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ ընկերության համակարգիչներն անցյալ տարվա դեկտեմբեր ամսին երկու անգամ ենթարկվել էին հակերային հարձակումների, որոնց համար պատասխանատվություն է ստանձնել հակերների գաղտնի «Անոնիմ» ցանցը:

«Ստրատֆոր»-ը, ըստ «Վիքիլիքս»-ի, հետախուզական վերլուծության ծառայություններ է մատուցում Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոշոր կապալառու «Լոքհիդ Մարտին», «Նորթրոփ Գրումման» և «Ռեյթեոն» ընկերություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությանը, ԱՄՆ-ի ծովային հետևակին և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական գործակալությանը:

XS
SM
MD
LG