Մատչելի հղումներ

Իսրայելի անվտանգության ծառայությունների կայքերի աշխատանքը խաթարվել է՝ հաքերների սպառնալիքներից հետո


Հաքերների «Անոնիմ» («Anynomous») խմբավորման դիմակները կրող ցուցարարներ՝ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Պուերտա դել Սոլ հրապարակում, 12 հունիսի 2011 թվական (արխիվային լուսանկար)

«Իսրայելի զինված ուժերի, «Մոսադ» հետախուզական գործակալության և «Շին Բեթ» ներքին անվտանգության ծառայության կայքերի աշխատանքը խաթարվել է տեխնիկական անսարքության, այլ ոչ թե համակարգչային հարձակման պատճառով»:

Այս հայտարարությամբ կիրակի օրը հանդես է եկել Իսրայելի կառավարությունը՝ ուժային կառույցների կայքերի աշխատանքի խաթարումից հետո, ինչը տեղի է ունեցել հաքերների «Անոնիմ» ընդհատակյա խմբավորման կողմից շաբաթ օրը «YouTube» կայքում հրապարակված հայտարարությունից հետո, որտեղ հաքերները սպառնացել են վրեժխնդիր լինել դեպի Գազայի գոտի ուղևորվող երկու նավի ընթացքը դադարեցնելու համար:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Իսրայելի պաշտպանության ուժերի ծառայողները բարձրացել են միջազգային ջրերում գտնվող պաղեստինամետ ակտիվիստների երկու նավերը, որոնք փորձել են ճեղքել Իսրայելի կողմից Գազայի գոտու նկատմամբ իրականացվող շրջափակումը:

Իսրայելի պաշտպանական ուժերի խոսնակը հայտնել է, որ նավերի վրա բարձրանալու գործողություններն իրականացվել են կառավարության հրահանգի պահանջների համաձայն` դեպի Գազայի գոտի նավատորմի կազմում գտնվող նավերի ընթացքը դադարեցնելուց հետո:

Իսրայելի նավատորմը ուղեկցել է ակտիվիստների նավերը Աշդոդ նավահանգիստը, որտեղ ակտիվիստները փոխանցվել են ոստիկանությանը և ներգաղթի հարցերով զբաղվող պետական մարմիններին:

Ակտիվիստների խոսնակ Ֆելիս Գելմանը հայտնել էր «Ամերիկայի Ձայն»-ին, որ նավերը տեղափոխել են բժշկական նյութեր և պաղեստինցիների հետ համերաշխության մասին նամակներ:

27 ակտիվիստները, որոնց թվում կան նաև ԱՄՆ-ի, Կանադայի և Իռլանդիայի քաղաքացիներ, դեպի Գազայի գոտի էին մեկնել չորեքշաբթի օրը: Ակտիվիստներն ասել էին, թե իրենց առաքելությունն է` առաքել բժշկական օգնությունն անմիջապես Գազայի գոտի` ճեղքելով Իսրայելի կողմից իրականացվող շրջափակումը:

XS
SM
MD
LG