Աֆղանստանի բնակիչները մասնակցում են երկրում անցկացվող քվեարկությանը՝ չնայած բռնություններ իրագործելու թալիբների սպառնալիքներին և տարբեր վայրերում իրականացված հարձակումներին։
Խորհրդարանի ստորին պալատի («վոլեսի ջիրգա») 249 տեղերին հավակնում է 2500 թեկնածու, որոնցից 400–ը կին են: Խորհրդարանում վաթսունութ տեղ նախատեսված է կին պատգամավորների համար։
Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան հաջորդ ամիս, իսկ վերջնական արդյունքները կհայտարարվեն հոկտեմբեր ամսին՝ հնարավոր կեղծիքներին և ընտրությունների ընթացքում տեղի ունեցած անօրինական գործողություններին վերաբերող բողոքները լուծելուց հետո։
Շաբաթ օրը անցկացվող ընտրությունների մոնիտորինգը իրականացնում են տեղացի և միջազգային դիտորդները։
Աֆղանստանի պաշտպանության նախարարության համաձայն, ընտրությունների օրը երկրում անվտանգությունը պահպանում են Աֆղանստանի ոստիկանության և բանակի մոտ 300 հազար ծառայող` միջազգային զորքերի 150 հազար զինծառայողի աջակցությամբ: