Մատչելի հղումներ

Աֆղանստանում ընտրությունների նախօրեին առևանգվել է ընտրությունների 18 կազմակերպիչ և մեկ թեկնածու


Աֆղանստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին թալիբները առևանգել են 19 մարդ, որոնց թվում է մեկ թեկնածու և ընտրությունների կազմակերպմանը մասնակցող աշխատողները:

Զինյալների այս խմբավորումն իր վրա է վերցրել Աֆղանստանի Լաղման նահանգում խորհրդարանական ընտրությունների թեկնածուներից մեկին առևանգելու պատասխանատվությունը: Հարավ-արևմտյան Բադղիս նահանգում առևանգվել է ընտրությունների նախապատրաստմանը մասնակցող ութ պաշտոնյա և 10 աշխատակից:

Շաբաթ օրը կայանալիք քվեարկության նախօրեին թալիբներն արդեն սպանել են առնվազն երեք թեկնածու և ընտրությունների կազմակերպմանը մասնակցող մի քանի աշխատող: Ընտրողներին սարսափեցնելու նպատակով խմբավորումը սպառնում է հարձակումներ իրականացնել ամբողջ երկրում` այնպես, ինչպես տեղի էր ունեցել անցյալ տարվա նախագահական ընտրությունների ընթացքում:

Չնայած բռնությունների սպառնալիքներին, երկրի նախագահ Համիդ Քարզայն ուրբաթ օրը կոչ է արել Աֆղանստանի ժողովրդին մասնակցել ընտրություններին:

Խորհրդարանի ստորին պալատի («վոլեսի ջիրգա») 249 տեղերին հավակնում է 2500 թեկնածու:

Ընտրությունների օրը երկրում անվտանգությունը պահպանելու են Աֆղանստանի ոստիկանության և բանակի ավելի քան 250 հազար ծառայող` միջազգային զորքերի աջակցությամբ:

XS
SM
MD
LG