Մատչելի հղումներ

Նոր Սպիտակ տունը կանգնած է ավելի կարծր դիրքեր որդեգրող Կրեմլի առջեւ


Նոր Սպիտակ տունը կանգնած է ավելի կարծր դիրքեր որդեգրող Կրեմլի առջեւ.


Այս խորագրով Վաշինգտոնի ՝՝American Enterprise Institute՛՛ հաստատությունում անցկացված գիտաժողովը քննարկեց մի շարք հարցեր, որոնք դարձել են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում մեծ խոչընդոտ։ Այդ հարցերն են նախկին խորհրդային հանրապետությունների արտաքին քաղաքականությունն ու ժողովրդավարական ուղղվածությունը, հակահրթիռային պաշտպանական համակարգ հաստատելու գործում Ռուսաստանի հետ հակամարտությունը, էներգիայի աղբյուրները դեպի Արեւմուտք արտահանելու ուղիների ընտրությունը։
Մասնավորապես վերջին հարցի շուրջ ելույթներ ունեցան ՝՝Ջեյմսթաուն՛՛ հաստատության վերլուծաբան Վլադիմիր Սոկորը, անկախ վերլուծաբան Պետր Գլադկովը եւ ՝՝Հադսըն՛՛ հաստատության վերլուծաբան Զեյնո Բարանը։

՝՝Ի՞նչ պիտի անի Օբամայի վարչակազմը կասպյան եւ սեւծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի դերը վերականգնելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բուշը լքել է ԱՄՆ-ի դիրքերն այստեղ՛՛։ Այսպես սկսեց իր ելույթը վերլուծաբան Սոկորը, ում կարծիքով, Արեւմուտքի արտաքին քաղաքականությունը ռուսական նավթի կախվածությունից ազատելու համար հարկավոր է հաստատել Ռուսաստան-Եւրոպա փոխադարձ կախվածության պայմաններ։ Եւրոպան պիտի հանդես գա որպես էներգիայի միասնական շուկա եւ բանակցի Ռուսաստանի հետ միասնաբար։

՝՝Եւրոպան պիտի հաստատի կասպից ավազանի նավթի ու գազի պաշարների հետ ուղիղ կապ։ Այս ուղղությամբ իրականացվում են քայլեր, սակայն դրանք դեռեւ բավարար չեն՛՛, ասաց նա։

Նա գտնում է, որ Ռուսաստանի կախվածությունից ազատվելու համար հարկավոր է պայքարել թուրքմենական ու ղազախական գազի արտահանման վրա վերահսկողություն հաստատելու ուղղությամբ, ինչի դեպքում Ադրբեջանն ու Վրաստանը պիտի դառնան գազը փոխադրելու ամենավստահելի միջանցքը։
Նրա խոսքերով, Ադրբեջանը պիտի արժանանա ԱՄՆ-ի ու Եւրոպայի ավելի մեծ ուշադրությանը։

Անկախ վերլուծաբան Պետր Գլադկովը դատապարտեց ԱՄՆ-ին ու Եւրոպային՝ Ռուսաստանը շրջանցելու փորձերով այստեղ լարվածությունը խորացնելու մեջ։
Նա ասաց, թե Վրաստանը պիտի լավ ըմբռնի այս տարածաշրջանում գյուղատնտեսական ապրանքների արտահանման իր դերի կարեւորությունը, հոգա ժողովրդի կարիքները եւ մտածի բանակի մասին, ուր ներդնում է հսկայական գումարներ։

Գլադկովը, հիշեցնելով, որ Վրաստանի կողմից Օսիայի դեմ սկսված ռազմական գործողություններից ու Ռուսաստանի պատասխանից հետո Ղազախստանը հրաժարվեց Բաթումում նավթամշակման գործարան կառուցելու իր ծրագրերից, հայտնեց կարծիք այն մասին, որ Արեւմուտքը պիտի հրաժարվի նավթի ու գազի իր ծրագրերն իրականացնելու համար, առանց Մոսկվայի դերը հաշվի առնելու, Վրաստանի տարածքն օգտագործելու գաղափարից։ ՝՝Այլապես Սվանեթիան, Մենգրելիան ու Ջավախքը, որոնք փաստորեն ինքնավար միավորներ են, կարող են արժանանալ Օսիայի օրինակին՛՛, ասաց նա։

՝՝Հադսըն՛՛ հաստատության վերլուծաբան Զեյնո Բարանը գտնում է, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Բարաք Օբաման Սպիտակ տուն մտնելուց հետո չպիտի անտեսի այն ուղղությունը, որով Ռուսաստանը ցանկանում է առաջ գնալ։
Նա ակնարկեց ուժ կիրառելու Ռուսաստանի կարողությունը՝ կոչ անելով համագործակցել Ռուսաստանի հետ։


՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հարցին, թե ինչու քննարկումների ժամանակ խոսք չի գնում Հայաստանի տարածքով եւս էներգիայի պաշարներն արտահանելու հնարավորության ու արդյունավետության մասին, Զեյնո Բարանն ասաց.

՝՝Քանի որ այսօր խոսում ենք ռուս-ամերիկյան բարդ հարաբերությունների մասին, պետք է հիշեցնել, որ տարածաշրջանային ինտեգրացիայի խրախուսումը եղել է Ամերիկայի քաղաքականությունը եւ հուսով ենք, որ Օբաման եւս կխրախուսի սահմանների բացումը եւ տարածաշրջանային համագործակցությունը։ Վրացական դեպքերից հետո իհարկե, առանց Վրաստանին մի կողմ դնելու, հարկավոր է մտածել այս տարածաշրջանից նավթի ու գազի պաշարներն արտահանելու երկրորդ միջանցք բացելու մասին՛՛։

Եւ այսպես քաղաքական վերլուծաբանները, հատկապես Աբխազիան ու Հարավային Օսիան գրավվելուց հետո ու Սպիտակ տուն Բարաք Օբամայի մուտք գործելուց առաջ, կենտրոնանում են այն հարցի վրա, թե ինչ քաղաքականություն է հարկավոր ընդունել Կրեմլի հանդեպ, որը ունի ռազմական ներխուժում իրականացնելու ունակություն եւ փորձ, նավթի ու գազի պաշարներ ու արտահանման եղանակներ, ինչպես նաեւ՝ մեծ ձգտումներ։

XS
SM
MD
LG