Մատչելի հղումներ

Թրամփը դիվանագիտական ջանքեր է գործադրում Ուկրաինայի պատերազմին վերջ դնելու համար 


Ուկրաինայի նախագահ Զելենսկին Կիևում հեռախոսով խոսել է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ
Ուկրաինայի նախագահ Զելենսկին Կիևում հեռախոսով խոսել է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ

Ռուսաստանի հետ գերիների հաջող փոխանակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի դիվանագիտական քայլերի շարք ձեռնարկեց՝ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար՝ հայտարարելով, թե շուտով կհանդիպի Ռուսաստանի ղեկավարի հետ, իսկ ԱՄՆ փոխնախագահը՝ Ուկրաինայի առաջնորդի։ 

Նախագահ Դոնալդ Թրամփն իր պայմաններն է առաջ քաշել՝ Ուկրաինային ամերիկյան օգնություն տրամադրելու համար և հայտարարել է, թե Վաշինգտոնի նպատակն է հնարավորինս արագ վերջ տալ գրեթե երեք տարի շարունակվող պատերազմին:

«Ապահովում ենք մեր փողի անվտանգությունը: Ապահովելու ենք այդ անվտանգությունը․ նրանք՝ [ուկրաինացիները] ունեն հազվագյուտ հանածոներ, նավթ ու գազ, և նրանք ունեն շատ այլ բաներ: Խնդրում ենք, ապահովել մեր [ներդրումների] անվտանգությունը: Նրանք համաձայնել են: Ուկրաինան համաձայնել է»,- ասել է ԱՄՆ նածագահը։

2022 թվականի փետրվարից ի վեր Միացյալ Նահագները Ուկրաինային հատկացրել է ռազմական և ոչ ռազմական աջակցություն մոտ 183 միլիարդ դոլարի չափով՝ ասված է չորեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված զեկույցում:

Կիևի համար նախատեսված միջոցներից առկա է 40 միլիրադ դոլարից պակաս գումար։

Թրամփի խոսքերը եկան եզրափակելու դիվանագիտական առումով բավականին ակտիվ օրը, որի ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հեռախոսային խոսակցություններ ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։

Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ինքն ու Թրամփը «երկար» զրույց են ունեցել։

Չորեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նոր նախարարի հետ հանդիպմանը Զելենսկին խոսել է խաղաղության հասնելու Ուկրաինայի դիրքորոշման մասին՝ Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և անվտանգության երաշխիքների տրամադրում:

«Խնդրում եմ նախագահ Թրամփին, որ մեզ տա անվտանգության երաշխիքներ, օգնի Ուկրաինային, ուժեղացնի մեզ: Իհարկե, պետք է խոսենք Եվրոպայի հետ, որովհետև պետք է ունենանք ավելի մեծ բանակ: Մենք այժմ բյուջեի դեֆիցիտ ունենք, բայց ավելի մեծ բանակ ունենալու, այն կերակրելու և զինելու համար մեծ ռեսուրսներ են հարկավոր»,-ասել է Զելենսկին:

Թրամփը տեղեկացրել է, որ Պուտինի հետ հանդիպելու է Սաուդյան Արաբիայում՝ «ոչ հեռու ապագայում»։

ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ Մոսկվայի որոշումը՝ փոխանակել ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելին կիբեռհանցագործության մեջ մեղադրվող ռուսաստանցու հետ, լավ ճանապարհ կհարթի պատերազմը դադարեցնելու բանակցությունների համար:

Կրեմլը նույնպես խոսել է բանտարկյալների փոխանակման մասին:

«Բնականաբար, նման պայմանավորվածություններին նախորդում է շատ բծախնդիր բանակցային աշխատանք։ Եվ, իհարկե, նման համաձայնագրերը դժվար թե կարողանան շրջադարձային դառնալ, բայց միևնույն ժամանակ, դրանք որոշակի քայլեր են փոխադարձ՝ [Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև] վստահության ամրապնդման համար, որն այժմ գտնվում է ամենացածր կետում»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ակնկալվում է, որ ուրբաթ Մյունխենում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բանակցություններ կվարի Վոլոդիմիր Զելենսկու հետ:

XS
SM
MD
LG