ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկայացրել է Պետքարտուղարության օրակարգը Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի շրջանում՝ ընդգծելով, թե Միացյալ Նահանգների ազգային շահերը դրվելու են առաջին տեղում։
Չորեքշաբթի հրապարակված Պետքարտուղարության առաջնահերթությունների փաստաթղթում Ռուբիոն ընդգծել է, թե «գերատեսչությունն այլևս չի զբաղվի զանգվածային միգրացիան խրախուսող կամ դրան նպաստող գործողություններով»: Այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններում, հատկապես արևմտյան կիսագնդում, ԱՄՆ-ի առաջնահերթությունը կլինի Ամերիկայի սահմանների անվտանգությունը, անօրինական ներգաղթի դադարեցումը և անօրինական ներգաղթյալների հայրենադարձության շուրջ բանակցությունները:
Մյուս կողմից, ԱՄՆ կառավարությունը կպարգևատրի լավ աշխատանքն ու վաստակը, այդ թվում՝ Պետքարտուղարության աշխատակիցների շարքերում:
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է արձակել, որը վերացնում է Բազմազանության, հավասարության և ներառականության (DEIA) գրասենյակները ողջ կառավարությունում: Ռուբիոն խոստացել է ճշգրիտ կերպով կատարել հրամանագիրը:
«Մենք պետք է նաև վերադառնանք դիվանագիտության հիմքերին՝ հեռանալով քաղաքական և մշակութային առաքելությունների վրա կենտրոնացումից, որոնք մեզ պառակտում են: Այն մեզ հնարավորություն կտա համագործակցել այլ երկրների հետ և վարել պրագմատիկ արտաքին քաղաքականություն՝ առաջ մղելու մեր հիմնական ազգային շահերը»,- ընդգծված է Ռուբիոյի հայտարարությունում։
Համահունչ նախագահ Թրամփի՝ գրաքննությունը և տեղեկատվության ճնշումը դադարեցնելու հրահանգին, Պետքարտուղարությունը կփոխի առաջնահերթությունները «ճշմարտության համար պայքարում»՝ նշել է Ռուբիոն։ Նա ընդգծել է, որ վնասակար քարոզչության դեմ պայքարում ԱՄՆ Պետքարտուղարության ջանքերն ընդլայնվել և արմատապես փոխվել են Սառը պատերազմից հետո։
«Իմ ղեկավարած Պետքարտուղարությունը կպաշտպանի ամերիկացիների խոսքի ազատության իրավունքը՝ դադարեցնելով ցանկացած ծրագիր, որը որևէ կերպ կգրաքննի ամերիկացի ժողովրդին: Թեև կպայքարենք իրական թշնամու քարոզչության դեմ, մենք այդ կանենք միայն հիմնվելով այն ճշմարտության վրա, ըստ որ Ամերիկան մեծ և արդար երկիր է, որի ժողովուրդը մեծահոգի է և որի ներկայիս ղեկավարները առաջին տեղում են դնում ամերիկացիների հիմնարար շահերը՝ հարգելով այլ երկրների իրավունքներն ու շահերը»,- ասված է Ռուբիոյի հայտարարությունում։
Ռուբիոն հավելել է, թե ԱՄՆ-ը նույնպես պետք է հրաժարվի կլիմայի հարցում քաղաքականությունից, «որը թուլացնում է երկիրը»։
«Չենք անտեսի մեր բնական միջավայրին սպառնացող վտանգները և կաջակցենք շրջակա միջավայրի ողջամիտ պաշտպանությանը, սակայն Պետքարտուղարությունը նաև կօգտագործի դիվանագիտությունը՝ օգնելու նախագահ Թրամփին կատարել ամերիկյան էներգետիկ գերիշխանությունը վերականգնելու իր խոստումը»,- հայտարարել է պետքարտուղար Ռուբիոն: