Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն նպաստելու է ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը՝ ելնելով իր ազգային շահերից․ Մարկո Ռուբիո


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո

Աշխատանքային իր առաջին օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է աշխատակազմի հետ և հստակեցրել Վաշինգտոնի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հանդիպել է Հնդկական - Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցներին:

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր առաջին օրը նախկին հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը նպաստելու է խաղաղության հաստատմանը ողջ աշխարհում:

«Առանց խաղաղության դժվար է լինել ուժեղ, բարգավաճ և ավելի լավ երկիր»,- ասել է Ռուբիոն։

Հակամարտություններից զերծ մնալը լինելու է ռազմավարական որոշում:

«Երբե՛ք մեր ազգային անվտանգության հաշվին, երբե՛ք մեր ազգային շահերի և երբե՛ք մեր հիմնական արժեքների հաշվին՝ որպես երկիր ու ժողովուրդ»,- հավելել է նա։

Ռուբիոն երեքշաբթի հանդիպել է Հնդկաստանի, Ավստրալիայի և Ճապոնիայի արտգործնախարարների հետ։ Չորս երկրները ձևավորում են Քառակողմ անվտանգության երկխոսությունը կամ «Քառյակ» դաշինքը, որը նպատակ ունի հակազդել Չինաստանի տնտեսական և ռազմական հավակնություններին Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Երեքշաբթի կայացած հավաքը փարատեց որոշ մտահոգություններ՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփի «Նախևառաջ Ամերիկան» մոտեցման հետ:

«Հստակ ազդանշան է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվում տարածաշրջանային դաշնակիցներից և գործընկերներից՝ Չինաստանի վերելքը հակազդելու հարցում»,- ասում է Սթիմսոն կենտրոնի Չինաստանի ծրագրի տնօրեն Յուն Սունը։

Հայտնի է, որ Պեկինը դատապարտել է «Քառյակը»՝ այն որակելով որպես Սառը պատերազմի կառույց:

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ն միավորվի իր դաշնակիցների կամ գործընկերների հետ, չինացիներն իրենց կզգան մեկուսացված և վտանգված, և նրանք կմեղադրեն Միացյալ Նահանգներին Սառը պատերազմի մտածելակերպ ունենալու մեջ»,- հավելում է Սունը։

Վերլուծաբանը մատնանշեց, որ Չինաստանի արդիականացումը և իր ռազմական ու միջուկային զինանոցի ընդլայնումը միայն կշարունակի այդ տարածաշրջանի երկրներին դրդել ուժեղացնել իրենց սեփական զինանոցը և ձգտել ավելի սերտ հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ:

XS
SM
MD
LG