Մատչելի հղումներ

Իր հրաժեշտի խոսքում Բայդենը զգուշացրել է ԱՄՆ-ում իշխանության և հարստության մեկտեղման վտանգի մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Չորեքշաբթի երեկոյան Օվալաձև գրասենյակից հղած հրաժեշտի ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է Միացյալ Նահագներում իշխանության և հարստության մեկտեղման վտանգների մասին։ Ելույթը, փաստորեն, ավարտել է նրա՝ տասնամյակներ տևած քաղաքական կարիերան և նախագահության քառամյա ժամկետը:

Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լքելու է Սպիտակ տունը՝ ավարտելով իր պաշտոնավարումը։ Չորեքշաբթի երեկոյան հրաժեշտի ուղերձում, սակայն, նա նախազգուշացրել է Միացյալ Նահանգների առջև կանգնած վտանգների մասին։

«Իշխանության վտանգավոր կենտրոնացումը սակավաթիվ ծայրահեղ հարուստ մարդկանց ձեռքում վտանգավոր հետևանքներ կունենա, եթե չվերահսկվի նրանց կողմից իշխանության [հնարավոր] չարաշահումը։ Այսօր Ամերիկայում ձևավորվում է գերհարստության, իշխանության և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին և ազատությանը»,- ասել է Բայդենը:

Նախագահը չասաց, թե ում նկատի ունի՝ օլիգարխիա ասելով։ Սակայն գաղտնիք չէ, որ երկրի խոշորագույն միլիարդատերերից մի քանիսը, ներառյալ՝ Իլոն Մասկը, սերտ կապեր են հաստատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Կրկին՝ առանց որևէ մեկի անունը տալու՝ Բայդենը քննադատել է Meta-ում կայացրած որոշումը՝ դադարեցնել փաստերի ստուգման գծով աշխատանքը, որին մասին, ինչպես հայտնի է, օրերս հայտարարեց Facebook-ի ու Instagram-ի սեփականատեր, միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը:

«Ազատ մամուլը քայքայվում է։ Խմբագիրներն անհետանում են։ Սոցմեդիան հրաժարվում է փաստերի ստուգումից: Ճշմարտությունը զոհ է գնում իշխանության և շահի համար հրապարակ նետված ստերին»,- հայտարարել է Բայդենը:

Բայդենն ավարտում է իր պաշտոնավարումը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ գրանցված հաջողությամբ․ բառացիորեն ժամերի տարբերությամբ հայտարարվեց, որ Իսրայելը և «Համասը» համաձայնության են եկել Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ:

Հրադադարի կյանքի կոչումը, փաստորեն, տեղի է ունենալու ԱՄՆ գալիք վարչակազմի օրոք։

«Այդ իսկ պատճառով ես իմ թիմին ասացի, որ եկող վարչակազմը պետք է լիովին տեղեկացված լինի, քանի որ այդպես պետք է լինի՝ աշխատելով միասին որպես ամերիկացիներ»,- ընդգծել է Բայդենը:

Չորեքշաբթի հրապարակված նամակում Բայդենն նաև հիշեցրել է, թե իր գլխավորած վարչակազմը ինչպես է սկսել աշխատանքը՝ COVID 19-ի պայմաններում և 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի դեմ Թրամփի կողմնակիցների հարձակումից օրեր անց, որնց նպատակն էր չեղարկել 2020 թվականի ընտրությունների արդյունքները, ըստ որոնց հաղթանակը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենինն էր:

Ըստ Gallup-ի՝ Բայդենը հեռանում է ունենալով 39% վարկանիշ:

Դիտորդների խոսքով՝ թե ինչպես կհիշվի նրա նախագահությունը, շատ բան կախված կլինի նաև նրա իրավահաջորդից:

«Եթե Թրամփն իսկապես ապացուցի, որ այնչափ վտանգավոր է ժողովրդավարական նորմերի համար, որչափ Բայդենն ու մյուս դեմոկրատներն էին ասում, ապա կարծում եմ, որ նա [Բայդենը] կարող է ընկալվել որպես մարգարե: Բայց հակառակ դեպքում, կարծում եմ, եթե Թրամփի հետ ամեն ինչ նման ապոկալիպտիկ չլինի, ականտես լինեք քիչ թե շատ, ավելի նորմալ նախագահության, որը բախվում է խնդիրների և ունի որոշակի ձեռքբերումներ, կարծում եմ, Բայդենն ավելի շատ կհիշվի այն ամենով, ինչ արել է»,- ասում է Վանդերբիլտի համալսարանի պատմաբան Թոմաս Շվարցը:

Սպիտակ տունը պնդում է՝ նախագահ Բայդենի ձեռքբերումներից է երկրի տնտեսական վերականգնումը:

Բայդենը, ինչպես հայտնի է, սուր քննադատության ենթարկվեց, օրինակ, Աֆղանստանից ամերիկյան ռազմուժի փաստացի քաոսային դուրսբերման համար:

Իր խոսքը Բայդենն ավարտել է՝ շնորհակալություն հայտնելով ամերիկյան ազգին ծառայելու հնարավորության համար:

«Դեռ հավատում եմ այն գաղափարին, որի թիկունքին այս երկիրը կանգնած է: Երկիր, որտեղ մեր հաստատությունների ուժը և մեր ժողովրդի խառնվածքը նշանակոսւթյուն ունեն և պետք է կանգուն մնան: Այժմ ձեր հերթն է ամուր կանգնելու»,- հայտարարել է ԱՄՆ 46-րդ նախագահը:

XS
SM
MD
LG